Նվիրաբերել

Կարդալ Բոլոր Նորությունները

Հավատք, Ընկերություն Եւ Հայ Երիտասարդության Ոգին՝ Խարույկի Շուրջ

Եկեղեցիներ

Հրապարակված է: 09/02/2026


Հավատք, ընկերություն և հայ երիտասարդության ոգին՝ խարույկի շուրջ

Սուրբ Հարություն եկեղեցու ACYO-ի տարեկան խարույկահանդեսը՝ երիտասարդության համախմբման և հոգևոր հաղորդակցության գեղեցիկ առիթ

Օգոստոսի 28-ի ուրբաթ երեկոն Սուրբ Հարություն եկեղեցու երիտասարդների համար դարձավ առանձնահատուկ ու հիշարժան։ Հայ Տան հարակից անտառածածկ գեղատեսիլ վայրում տեղի ունեցավ Սուրբ Հարություն եկեղեցու ACYO-ի ամենամյա խարույկահանդեսը, որը տարիների ընթացքում դարձել է մեր երիտասարդների ամենասիրված և սպասված միջոցառումներից մեկը։

Բնության գրկում անցկացվող այս գեղեցիկ ավանդույթը երիտասարդներին հնարավորություն է տալիս ոչ միայն միասին ժամանակ անցկացնելու և ընկերական կապերն ամրապնդելու, այլև՝ իրենց հավատքի մեջ զորանալու, Սուրբ Գրքի շուրջ հաղորդակցվելու և մեր Սուրբ Եկեղեցու կյանքին ու առաքելությանը ավելի մոտ լինելու։

Երեկոն լցված էր ուրախությամբ ու խանդավառությամբ։ Երգն ու պարը, զվարճալի խաղերն ու ընկերական շփումները ստեղծեցին ջերմ և ուրախ մթնոլորտ։ Սակայն միջոցառման կարևորագույն նպատակներից մեկը շարունակում էր մնալ նաև հոգևոր հաղորդակցությունը։

Տեր Վազգեն Ավագ Քահանա Բոյաջյանի  և Առնոլդ Սարկավագ Սիմյոնովի առաջնորդությամբ երիտասարդների համար անցկացվեց Սուրբ Գրքի սերտողություն՝ «Աղոթք» թեմայով։ Սերտողությանը հաջորդեց հետաքրքիր և աշխույժ հարցուպատասխան Տեր Հոր հետ, որի ընթացքում երիտասարդները հնարավորություն ունեցան ազատորեն բարձրացնելու իրենց հետաքրքրող հոգևոր հարցերը և ստանալու պատասխաններ։

Երեկոյի ամենասպասված և խորհրդանշական պահերից մեկը, անշուշտ, խարույկի վառումն էր։ Երբ կրակը բոցավառվեց, երիտասարդները հավաքվեցին նրա շուրջ և մինչև ուշ երեկո միասին երգեցին իրենց սիրելի հայկական երգերը։ Խարույկի շուրջ հնչող հայկական երգերը, երիտասարդների ծիծաղն ու ուրախությունը ստեղծեցին մի մթնոլորտ, որտեղ միահյուսվեցին ընկերությունը, հավատքը և հայկական ոգին։

Այս տարվա խարույկահանդեսի ոգևորությունն ու մասնակցությունը հատկապես ուրախալի էին։ Երեկոյի ավարտին ավելի քան ութսուն երիտասարդներ իրենց ցանկությունն ու պատրաստակամությունը հայտնեցին՝ ավելի հաճախ մասնակցելու Սուրբ Հարություն եկեղեցու ACYO-ի կազմակերպած ձեռնարկներին և իրենց ակտիվ մասնակցությունն ու ներդրումն ունենալու երիտասարդական միության և մեր Սուրբ Եկեղեցու առաքելության իրականացման գործում։

Այս թվերն ու երիտասարդների արձագանքը մեզ համար պարզապես հաջողված միջոցառման արդյունք չեն։ Դրանք հույսի և վստահության նշան են, որ մեր երիտասարդների մեջ կա հավատքի, ընկերության, միասնականության և Եկեղեցուն ծառայելու մեծ ցանկություն։

Երիտասարդությունը մեր Եկեղեցու ապագան է, իսկ նրանց հավատքն ու նվիրվածությունը՝ մեր ամենամեծ ուժերից մեկը։

Թող Սուրբ Հարություն եկեղեցու ACYO-ի այս գեղեցիկ ավանդույթը շարունակվի՝ տարեցտարի համախմբելով ավելի շատ երիտասարդների, զորացնելով նրանց հավատքի մեջ և ներշնչելով ծառայելու մեր Սուրբ Եկեղեցուն, մեր համայնքին և հայ ժողովրդի հոգևոր ու ազգային արժեքների պահպանմանը։

Թող մեր երիտասարդների այս ոգևորությունը դառնա շարունակական մասնակցություն, իսկ այս խարույկի լույսը՝ հավատքի ու սիրո լույս, որը կշարունակի վառվել մեր համայնքի կյանքում։


Կարդալ ավելին


Կարդալ Բոլոր Նորությունները