Եկեղեցիներ
Հրապարակված է: 09/02/2026
Սուրբ Հարություն եկեղեցու ACYO-ի տարեկան խարույկահանդեսը՝ երիտասարդության համախմբման և հոգևոր հաղորդակցության գեղեցիկ առիթ
Օգոստոսի 28-ի ուրբաթ երեկոն Սուրբ Հարություն եկեղեցու երիտասարդների համար դարձավ առանձնահատուկ ու հիշարժան։ Հայ Տան հարակից անտառածածկ գեղատեսիլ վայրում տեղի ունեցավ Սուրբ Հարություն եկեղեցու ACYO-ի ամենամյա խարույկահանդեսը, որը տարիների ընթացքում դարձել է մեր երիտասարդների ամենասիրված և սպասված միջոցառումներից մեկը։


Բնության գրկում անցկացվող այս գեղեցիկ ավանդույթը երիտասարդներին հնարավորություն է տալիս ոչ միայն միասին ժամանակ անցկացնելու և ընկերական կապերն ամրապնդելու, այլև՝ իրենց հավատքի մեջ զորանալու, Սուրբ Գրքի շուրջ հաղորդակցվելու և մեր Սուրբ Եկեղեցու կյանքին ու առաքելությանը ավելի մոտ լինելու։
Երեկոն լցված էր ուրախությամբ ու խանդավառությամբ։ Երգն ու պարը, զվարճալի խաղերն ու ընկերական շփումները ստեղծեցին ջերմ և ուրախ մթնոլորտ։ Սակայն միջոցառման կարևորագույն նպատակներից մեկը շարունակում էր մնալ նաև հոգևոր հաղորդակցությունը։



Տեր Վազգեն Ավագ Քահանա Բոյաջյանի և Առնոլդ Սարկավագ Սիմյոնովի առաջնորդությամբ երիտասարդների համար անցկացվեց Սուրբ Գրքի սերտողություն՝ «Աղոթք» թեմայով։ Սերտողությանը հաջորդեց հետաքրքիր և աշխույժ հարցուպատասխան Տեր Հոր հետ, որի ընթացքում երիտասարդները հնարավորություն ունեցան ազատորեն բարձրացնելու իրենց հետաքրքրող հոգևոր հարցերը և ստանալու պատասխաններ։
Երեկոյի ամենասպասված և խորհրդանշական պահերից մեկը, անշուշտ, խարույկի վառումն էր։ Երբ կրակը բոցավառվեց, երիտասարդները հավաքվեցին նրա շուրջ և մինչև ուշ երեկո միասին երգեցին իրենց սիրելի հայկական երգերը։ Խարույկի շուրջ հնչող հայկական երգերը, երիտասարդների ծիծաղն ու ուրախությունը ստեղծեցին մի մթնոլորտ, որտեղ միահյուսվեցին ընկերությունը, հավատքը և հայկական ոգին։


Այս տարվա խարույկահանդեսի ոգևորությունն ու մասնակցությունը հատկապես ուրախալի էին։ Երեկոյի ավարտին ավելի քան ութսուն երիտասարդներ իրենց ցանկությունն ու պատրաստակամությունը հայտնեցին՝ ավելի հաճախ մասնակցելու Սուրբ Հարություն եկեղեցու ACYO-ի կազմակերպած ձեռնարկներին և իրենց ակտիվ մասնակցությունն ու ներդրումն ունենալու երիտասարդական միության և մեր Սուրբ Եկեղեցու առաքելության իրականացման գործում։
Այս թվերն ու երիտասարդների արձագանքը մեզ համար պարզապես հաջողված միջոցառման արդյունք չեն։ Դրանք հույսի և վստահության նշան են, որ մեր երիտասարդների մեջ կա հավատքի, ընկերության, միասնականության և Եկեղեցուն ծառայելու մեծ ցանկություն։
Երիտասարդությունը մեր Եկեղեցու ապագան է, իսկ նրանց հավատքն ու նվիրվածությունը՝ մեր ամենամեծ ուժերից մեկը։
Թող Սուրբ Հարություն եկեղեցու ACYO-ի այս գեղեցիկ ավանդույթը շարունակվի՝ տարեցտարի համախմբելով ավելի շատ երիտասարդների, զորացնելով նրանց հավատքի մեջ և ներշնչելով ծառայելու մեր Սուրբ Եկեղեցուն, մեր համայնքին և հայ ժողովրդի հոգևոր ու ազգային արժեքների պահպանմանը։
Թող մեր երիտասարդների այս ոգևորությունը դառնա շարունակական մասնակցություն, իսկ այս խարույկի լույսը՝ հավատքի ու սիրո լույս, որը կշարունակի վառվել մեր համայնքի կյանքում։