Հոգեւոր
Հրապարակված է: 07/08/2026
«Եվ երբ աղոթքի էր կանգնած, նրա երեսի տեսքը այլակերպվեց,
նրա զգեստը փոխվեց և փայլուն-սպիտակ դարձավ»
(Ղուկ. 9:29)
Վարդավառը մեր Տեր Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնն է, որը Հայ Եկեղեցու հինգ տաղավար տոներից մեկն է։ Այս տոնը մեզ բարձրացնում է Թաբոր լեռը, որտեղ առաքյալները տեսան Քրիստոսի աստվածային փառքը և լսեցին Հայր Աստծո ձայնը. «Դա է իմ սիրելի Որդին, որին հավանեցի, դրան լսեցեք» (Մատթ․ 17։5)։ Այդ պահը ոչ միայն հրաշք էր, այլ նաև հայտնություն՝ բացահայտում այն ճշմարտության, որ Հիսուս Քրիստոս Աստծո Որդին է և ճշմարիտ Աստված։
Պայծառակերպությունը մեզ հիշեցնում է, որ Աստծո լույսը կարող է փոխել մարդու կյանքը։ Ավետարանիչը պատմում է, որ Քրիստոսի դեմքը պայծառացավ աղոթքի ժամանակ։ Սա մեզ սովորեցնում է, որ աղոթքը միայն խոսքեր չեն, այլ հանդիպում Աստծո հետ, և այդ հանդիպումը միշտ փոխում է մարդուն։ Ով անկեղծորեն կանգնում է Աստծո առաջ, նրա սիրտն աստիճանաբար լուսավորվում է, նրա մտքերը մաքրվում է, և նրա կյանքը նոր իմաստ է ստանում։
Այսօր աշխարհը հաճախ լցված է խավարով՝ պատերազմներով, անորոշությամբ, վախերով և բաժանումներով։ Մարդիկ շատ տեղեկություն ունեն, բայց քիչ լույս իրենց սրտերում։ Մենք տեսնում ենք արտաքին փայլ, բայց ներքին դատարկություն։ Եվ հենց այս իրականության մեջ է Վարդավառի տոնը մեզ հիշեցնում, որ աշխարհի ամենամեծ լույսը Քրիստոսն է։ Միայն Նրա ներկայությունն է կարող խաղաղեցնել անհանգիստ սիրտը, հույս տալ հուսահատվածին և ուժ պարգևել հոգնած մարդուն։
Վարդավառը հրավեր է մեզանից յուրաքանչյուրին՝ բարձրանալու մեր կյանքի Թաբոր լեռը․ այդ լեռը կարող է լինել մեր աղոթքը, մեր ապաշխարությունը, մեր ներողամտությունը կամ մեր սերը մերձավորի հանդեպ։ Երբ մենք ընտրում ենք ապրել Քրիստոսի լույսով, մեր կյանքը ևս պայծառակերպվում է։
Պայծառակերպության այս օրհնյալ տոնը թող նորոգի մեր հավատքը, լուսավորի մեր մտքերը և մաքրի մեր սրտերը, թող Քրիստոսի լույսը փայլի մեր ընտանիքներում, մեր համայնքներում և ամբողջ աշխարհում, որպեսզի մենք էլ, ինչպես առաքյալները, կարողանանք ճանաչել Նրա փառքը և մեր կյանքով վկայել Նրա անսահման սիրո մասին։
ՄԻՔԱՅԵԼ սարկավագ ՄԱՐԳԱՐՅԱՆ