Հոգեւոր
Հրապարակված է: 06/05/2026
«Էջ Միածինն ի Հօրէ եւ լոյս փառաց ընդ նմա»
(Շարական)
Կան տոներ, որոնք պարզապես եկեղեցական օրացույցի հերթական հիշատակությունները չեն, այլ մեր հոգու խորքում արթնացնում են հիշողություն, սեր և պատկանելության զգացում։ Այդպիսի տոն է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինի տոնը։ Երբ հիշում ենք Սուրբ Էջմիածինը, մենք հիշում ենք ոչ միայն մի տաճար, այլ մեր ժողովրդի աղոթքները, արցունքները, հույսերը և հավատքը։
Դարեր առաջ Սուրբ Գրիգոր Լուսավորչի տեսիլքում Քրիստոս իջավ երկնքից և ցույց տվեց այն վայրը, որտեղ պիտի կառուցվեր հայ ժողովրդի հոգևոր կենտրոնը։ Այդ պահին երկիրը սրբագործվեց Աստծո ներկայությամբ, և իրականություն դարձան Տիրոջ խոսքերը․ «Այն վայրը, ուր կանգնած ես դու, սուրբ հող է» (Ելք 3:5)։ Այդ օրվանից ի վեր Սուրբ Էջմիածինը դարձավ ոչ միայն քարերով կառուցված սրբավայր, այլ մի հոգևոր տուն, որտեղ դարեր շարունակ հայ մարդը գտել է մխիթարություն, զորություն և հույս։
Երբ մտածում ենք մեր ժողովրդի պատմության մասին, տեսնում ենք, թե որքան փորձություններ ենք անցել․ եղել են պատերազմներ, գաղթեր, կորուստներ ու դժվարություններ, բայց եղել է նաև մի բան, որը երբեք չի լքել մեզ՝ մեր հավատքը։ Եվ այդ հավատքի կենդանի խորհրդանիշներից ամենամեծը Սուրբ Էջմիածինն է։ Այն եղել է մեր ժողովրդի հոգևոր սիրտը, որտեղից սեր, աղոթք և օրհնություն է տարածվել աշխարհի բոլոր անկյուններում ապրող հայերի վրա։
Այսօր էլ, երբ աշխարհը լի է անհանգստությամբ ու անորոշությամբ, Սուրբ Էջմիածնի տոնը մեզ հիշեցնում է, որ մենք միայնակ չենք։ Մենք պատկանում ենք մի ժողովրդի, որն ունի հարուստ հոգևոր ժառանգություն և կենդանի հավատք։ Մենք ունենք մի տուն, որի դռները միշտ բաց են աղոթքի, ապաշխարության և Աստծո հետ հանդիպման համար։
Սուրբ Էջմիածնի տոնը նաև հրավեր է մեզանից յուրաքանչյուրին։ Քրիստոս ցանկանում է իջնել ոչ միայն Էջմիածնի Իջման Սուրբ Սեղանի վրա, այլ նաև մեր սրտերի մեջ։ Եթե մեր սրտերը բաց լինեն սիրո, հավատքի և աղոթքի համար, ապա դրանք ևս կդառնան փոքրիկ էջմիածիններ՝ Աստծո ներկայության բնակարաններ։ Աղոթենք, որ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը միշտ մնա մեր ժողովրդի հոգևոր լույսն ու առաջնորդը, իսկ մենք երբեք չհեռանանք այն հավատքից, որը մեր նախնիները մեզ փոխանցեցին իրենց աղոթքներով և սիրով։
ՄԻՔԱՅԵԼ սարկավագ ՄԱՐԳԱՐՅԱՆ