Հոգեւոր
Հրապարակված է: 05/29/2026
Կիրակի, Մայիսի 31, 2026
«Ձեզնից մեկը վշտի՞ մեջ է ընկել, թող աղոթի․ մեկը բերկրանքի՞ մեջ է, սաղմոս թող ասի»
(Հակոբոս 5։13)
Այս գեղեցիկ խոսքերով Սուրբ Գիրքը մեզ հիշեցնում է, որ մարդու կյանքի յուրաքանչյուր պահ պետք է կապված լինի Աստծո հետ։ Երբ մարդը վշտի մեջ է, նա կարիք ունի աղոթքի, որովհետև աղոթքը դառնում է մխիթարություն, զորություն և հույս։ Բայց նույնքան կարևոր է նաև ուրախության պահին Աստծուն չմոռանալը։ Սուրբ Հակոբոս առաքյալն ասում է․ «Մեկը բերկրանքի՞ մէջ է, սաղմոս թող ասի», այսինքն՝ ուրախությունն էլ պետք է դառնա փառաբանություն և շնորհակալություն Աստծուն։
Այսօր աշխարհում շատ մարդիկ փնտրում են ուրախություն, բայց հաճախ այն փնտրում են միայն արտաքին բաների մեջ՝ ունեցվածքի, հաջողության կամ հաճույքների մեջ։ Սակայն այդ ուրախությունը հաճախ կարճատև է և չի կարող լցնել մարդու սիրտը։ Իրական ուրախությունը ծնվում է այն ժամանակ, երբ մարդու սիրտը խաղաղություն ունի Աստծո հետ։
Քրիստոնեական ուրախությունը պարզապես ժպիտ կամ լավ տրամադրություն չէ։ Դա ներքին լույս է, որը նույնիսկ դժվարությունների մեջ չի մարում։ Մարդը կարող է ունենալ խնդիրներ, ցավեր ու փորձություններ, բայց եթե իր սրտում ապրում է Աստծո ներկայությունը, նա չի կորցնում հույսը։ Այդ ուրախությունն է, որ ուժ է տալիս շարունակելու, սիրելու և չհուսահատվելու։
Շատ անգամ մարդիկ սովորում են աղոթել միայն ցավի պահին, բայց մոռանում են շնորհակալ լինել ուրախության պահին։ Իսկ երախտագիտությամբ լցված սիրտը միշտ ավելի խաղաղ և օրհնված է լինում։ Երբ մենք սովորում ենք նույնիսկ փոքր ուրախությունների համար փառաբանել Աստծուն, մեր հոգին սկսում է լցվել լույսով։
Աստված ուզում է, որ մեր սրտերը չմնան ծանրացած ու խավարի մեջ։ Նա ցանկանում է, որ ապրենք հավատքով, խաղաղությամբ և սուրբ ուրախությամբ։ Ուրախ սիրտը երբեմն կարող է դառնալ մխիթարություն նաև ուրիշների համար, որովհետև լուսավոր հոգին իր շուրջը ևս լույս է տարածում։ Ուրեմն, երբ տխուր ենք՝ աղոթենք, իսկ երբ ուրախ ենք՝ շնորհակալությամբ փառաբանենք Տիրոջը։ Եվ թող մեր սրտերում երբեք չմարի այն սուրբ ուրախությունը, որ գալիս է Աստծո ներկայությունից։
ՄԻՔԱՅԵԼ սարկավագ ՄԱՐԳԱՐՅԱՆ