Հոգեւոր
Հրապարակված է: 05/22/2026
Կիրակի, Մայիսի 24, 2026
Հոգեգալստյան տոնը Հայ Եկեղեցու ամենալուսավոր և մխիթարիչ տոներից է, որովհետև այս օրը կատարվեց Հիսուս Քրիստոսի խոստումը, և Սուրբ Հոգին իջավ առաքյալների վրա՝ լցնելով նրանց զորությամբ, հավատքով և երկնային շնորհներով։ Քրիստոս համբարձվեց երկինք, բայց Իր աշակերտներին միայնակ չթողեց՝ ասելով․ «Ես ձեզ որբ չեմ թողնի» և նրանց մոտ ուղարկեց Մխիթարիչ Սուրբ Հոգուն՝ «Իսկ Մխիթարիչը՝ Սուրբ Հոգին, որին Հայրը կուղարկի իմ անունով, նա ձեզ ամեն բան կուսուցանի և ձեզ կհիշեցնի այն ամենը, ինչ ես ասացի ձեզ» (Հովհ. 14:26)։
Այսօր էլ մարդկությունը ապրում է անորոշության, վախերի և հոգևոր դատարկության մեջ։ Մարդիկ հաճախ կորցնում են խաղաղությունը, վստահությունը և կյանքի իմաստը։ Աշխարհը լի է աղմուկով, բայց մարդու սիրտը շարունակում է փնտրել մխիթարություն։ Եվ հենց այս իրականության մեջ է, որ Հոգեգալստյան տոնը մեզ հիշեցնում է, որ մենք միայնակ չենք։ Սուրբ Հոգին այսօր էլ գործում է մեր կյանքում՝ զորացնելով թուլացածներին, մխիթարելով տխուրներին և առաջնորդելով մոլորվածներին։
Սուրբ Հոգին Աստծո կենդանի ներկայությունն է մեր սրտերում։ Երբ մարդ աղոթում է, երբ սրտով դիմում է Աստծուն, երբ պայքարում է բարու համար, Սուրբ Հոգին գործում է նրա մեջ։ Նա խաղաղություն է տալիս այնտեղ, որտեղ անհանգստություն կա, հույս է տալիս այնտեղ, որտեղ հուսահատություն կա, և լույս է բերում այնտեղ, որտեղ խավար է։
Առաքյալները մինչև Հոգեգալուստ վախեցած ու փակված էին, բայց Սուրբ Հոգու իջնելուց հետո դարձան անվախ քարոզիչներ։ Սա մեզ ևս հիշեցնում է, որ Աստծո շնորհով նույնիսկ թույլ մարդը կարող է զորանալ և փոխվել։ Երբ մեր կյանքում տեղ ենք տալիս Սուրբ Հոգուն, մեր սիրտը սկսում է լցվել սիրով, ներողամտությամբ, համբերությամբ և կենդանի հավատքով։
Հոգեգալստյան այս տոնը մեզ հրավիրում է բացելու մեր հոգիները Աստծո առաջ։ Եկեք չփակենք մեր սրտերը աշխարհի վախերի մեջ, այլ վստահությամբ ընդունենք Սուրբ Հոգու մխիթարությունն ու առաջնորդությունը։ Եկեք թույլ տանք, որ Սուրբ Հոգին նորոգի մեր հոգիները, խաղաղեցնի մեր սրտերը և մեզ առաջնորդի դեպի լույս, դեպի հույս և դեպի Աստծո հայրական անմնացորդ սեր։
ՄԻՔԱՅԵԼ սարկավագ ՄԱՐԳԱՐՅԱՆ