Նվիրաբերել

Կարդալ Բոլոր Նորությունները

Սրբոց Ղեվոնդյանց Մայր Տաճարում Հնչեց Մանկական Մաքուր Ու Ջերմ Երգը

Թեմ

Հրապարակված է: 05/21/2026


Սրբոց Ղեվոնդյանց Մայր Տաճարում հնչեց մանկական մաքուր ու ջերմ երգը

Սույն թվականի մայիսի 17-ին, երեկոյան ժամը 5-ին, տեղի ունեցավ «Փոքրիկ մեղեդիներ» մանկական երգչախմբի 2025-2026 ուսումնական տարվա ամփոփիչ համերգը։ Համերգը դարձավ տարվա ընթացքում կատարված աշխատանքի գեղեցիկ ամփոփում՝ լի մանկական անկեղծությամբ, երաժշտական նրբությամբ և հայրենասիրական շնչով։

Համերգային ծրագրում ընդգրկված էին ինչպես հոգևոր շարականներ, այնպես էլ մանկական երգեր՝ կատակային, բնության ու աշխարհի գեղեցկությունը փառաբանող, ինչպես նաև հայրենիքի հանդեպ սիրով լեցուն ստեղծագործություններ։ Յուրաքանչյուր երգ երեխաների կատարմամբ ստանում էր յուրահատուկ ջերմություն ու կենդանություն՝ փոխանցելով ներկաներին ուրախություն, հուզմունք և լուսավոր տրամադրություն։

Երգչախմբի սաները բեմ բարձրացան վստահությամբ ու ոգևորությամբ՝ ցուցադրելով տարվա ընթացքում ձեռք բերած երաժշտական կարողությունները, խմբային համերաշխությունն ու երգի հանդեպ սերը։ Հատկապես տպավորիչ էր երեխաների բնական ու անկեղծ մասնակցությունը, որն ամբողջ համերգին հաղորդեց ընտանեկան և հոգևոր մթնոլորտ։

«Փոքրիկ մեղեդիներ» երգչախմբի ղեկավարն է Արթուր սարկավագ Վարդանյանը, որի նվիրումն ու հոգատար աշխատանքը տարիներ շարունակ նպաստում են երեխաների երաժշտական և հոգևոր դաստիարակությանը։ Համերգի նվագակցողն էր Սոֆի Սարգսյանը, ում նուրբ և վարպետ կատարումները գեղեցիկորեն ամբողջացնում էին երգչախմբի ելույթները։

Համերգի ավարտին իր օրհնության և գնահատանքի խոսքը ներկաներին փոխանցեց Մայր Տաճարի հոգևոր հովիվ Արժանապատիվ Տ․ Խաժակ քահանա Շահբազյանը՝ կարևորելով երեխաների հոգևոր և մշակութային դաստիարակության գործում նման նախաձեռնությունների դերը։ Տեր Հայրն ընթերցեց նաև ԱՄՆ Արևմտյան թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ․ Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանի Հայրական պատգամը՝ ուղղված երգչախմբի ղեկավար Արթուր սարկավագ Վարդանյանին, ուսուցիչներին և աշակերտներին։ Իր պատգամում Սրբազան Հայրը բարձր գնահատեց երգչախմբի գործունեությունը՝ այն համարելով կարևոր ներդրում հայեցի և քրիստոնեական դաստիարակության գործում։

Այնուհետև Տեր Խաժակը հայրական սիրով նվերներ հանձնեց փոքրիկ երգիչներին՝ շնորհավորելով նրանց տարվա հաջողված աշխատանքի և գեղեցիկ ելույթի առթիվ։

Համերգն ավարտվեց ջերմ ու ոգեշնչող մթնոլորտում, իսկ ներկաները երկարատև ծափողջույններով իրենց գնահատանքն ու շնորհակալությունը հայտնեցին փոքրիկ երգիչներին, ղեկավարին և բոլոր նրանց, ովքեր իրենց աշխատանքով ու սիրով կյանքի են կոչում այս գեղեցիկ առաքելությունը։


Կարդալ ավելին


Կարդալ Բոլոր Նորությունները