Նվիրաբերել

Կարդալ Բոլոր Նորությունները

Սուրբ Ծննդյան Երկրորդ Կիրակի - Կիրակի, 25 Հունվարի, 2026Թ

Թեմ

Հրապարակված է: 01/23/2026


ՍՈՒՐԲ ԾՆՆԴՅԱՆ ԵՐԿՐՈՐԴ ԿԻՐԱԿԻ - Կիրակի, 25 հունվարի, 2026թ

«Ինչպես երկիրը, որ աճեցնում է իր ծաղիկները, և ինչպես պարտեզը, որ ծլեցնում է իր սերմերը, այնպես էլ Տերն է ի հայտ բերելու իր արդարությունն ու ցնծութկունը բոլոր ազգերի առաջ» (Եսայի 61։11):

Եսայու մարգարեության այս տողերը մեզ փոխանցում են խորունկ հույս և հաստատուն հավատք․ արդարությունը պատահական երևույթ չէ, այլ Աստծուց բխող կենսական ուժ, ինչպես կյանքն է բխում հողից։ Ինչպես որ սերմը ժամանակ է պահանջում՝ աճելու, արմատավորվելու և պտուղ տալու համար, այնպես էլ Աստծո արդարությունը գործում է իր ժամանակի մեջ՝ լուռ, բայց անխափան։

Մենք ապրում ենք մի դարում, որտեղ անարդարությունը հաճախ բարձրաձայն է․ ուժեղը ճնշում է թույլին, ճշմարտությունը խեղաթյուրվում է շահի համար, և բարին երբեմն թվում է պարտված։ Լուրերը լի են ցավով, պատերազմներով, կեղծիքով ու անհավասարությամբ։ Շատերը հարց են տալիս՝ «Ո՞ւր է արդարությունը»։ Սակայն մարգարեի խոսքը մեզ հիշեցնում է՝ ինչպես որ գարունը անպայման գալիս է ձմռանից հետո, այնպես էլ Աստծո արդարությունը չի ուշանում, թեկուզև մարդու աչքին թվում է հակառակը։

Արդարությունը միշտ չէ, որ հաղթում է աղմուկով։ Այն հաղթում է հավատացյալ սրտերում, համբերության մեջ, ճշմարտությանը հավատարիմ մնալու վճռականության մեջ։ Երբ մարդը չի պատասխանում չարին չարությամբ, երբ ընտրում է արդար ճանապարհը, նույնիսկ եթե դա դժվար է, նա դառնում է այն հողը, որի մեջ Աստված սերմ է դնում, և այդ սերմը մի օր անպայման ծլում է։

Այս խոսքերը մեզ կոչ են անում չհուսահատվել ներկա անարդարություններից։ Թող մենք չկորցնենք մեր հավատը, որ Աստված գործում է, նույնիսկ երբ չենք տեսնում արդյունքը։ Մեր պարտականությունն է ապրել արդարությամբ, խոսել ճշմարտությամբ, գործել սիրով։ Քանի որ երբ Աստծո արդարությունը ի հայտ է գալիս, այն ոչ միայն բացահայտում է ճշմարտությունը, այլև բերում է ցնծություն բոլոր ազգերի առաջ։

Եվ վերջապես, հիշենք․ պատմության վերջին խոսքը չարը չունի։ Վերջին խոսքը միշտ Աստծունն է, իսկ Նրա խոսքը արդարություն է, կյանք ու հաղթանակ։

 

ՄԻՔԱՅԵԼ սարկավագ ՄԱՐԳԱՐՅԱՆ


Կարդալ ավելին


Կարդալ Բոլոր Նորությունները