Թեմ
Հրապարակված է: 01/16/2026
«Ժամանակն օգտագործեցեք, քանզի օրերը չար են»
(Եփես․ 5:16)
Այս խոսքերն այսօր ավելի արդիական են, քան երբևէ։ Պողոս առաքյալը մեզ հորդորում է գիտակցաբար ապրել՝ չկորցնելով ամենաթանկ պարգևը, որը տրված է մարդուն՝ ժամանակը։ Այն անընդհատ հոսող գետ է, որը երբեք չի վերադառնում, և հենց դրա մեջ է մեր կյանքի ամեն պահի արժեքը։
Երբ առաքյալն ասում է՝ «օրերը չար են», նա նկատի ունի ոչ միայն արտաքին վտանգներն ու փորձությունները, այլ նաև այն ներքին խավարն ու շեղումները, որոնք մարդուն հեռացնում են Աստծուց։ Մեր օրերում այս խոսքերը հնչում են շատ ավելի ընդգծված, որովհետև այսօր աշխարհը լցված է շեղումներով․ անիմաստ խոսքեր, ժամանակատար սոցցանցեր, նյութապաշտ ձգտումներ։ Մենք հաճախ վազում ենք ամեն ինչի հետևից՝ մոռանալով այն մեկին, ով ժամանակի Տերն է։
Աստված մեզ տվել է ժամանակ ոչ թե պարզապես գոյատևելու, այլ՝ ապրելու իմաստով։ Ժամանակն օգտագործել նշանակում է գնահատել ամեն օրը որպես հնարավորություն՝ բարություն անել, ներել, աղոթել, սիրել, զարգանալ և ծառայել։ Երբ մարդը հասկանում է, որ յուրաքանչյուր վայրկյանը կարող է լինել վերջինը, նրա սիրտը սկսում է ապրել երախտագիտությամբ ու նպատակով, նա սովորում է ապրել լիարժեք և պատասխանատու։
Աստված մեզ հիշեցնում է իր անփոփոխ ճշմարտությունը, ինչպես գրված է Ժողովողի գրքում․ «Ամեն բանի ժամանակը կա, և աշխարհում ամեն գործ ունի իր ժամանակը» (Ժողովող 3:1)։ Այս խոսքերը ցույց են տալիս, որ Աստված է տնօրինում ժամանակը, և յուրաքանչյուր պահ իր նշանակությունն ունի։ Կա ժամանակ՝ աշխատելու և հանգստանալու, խոսելու և լռելու, ուրախանալու և լաց լինելու։ Սակայն ամենակարևորը կա ժամանակ ճանաչելու Տիրոջ կամքը և ապրելու Նրա ծրագրի համաձայն։
Պողոս առաքյալի «անմիտ մի եղեք» կոչը հնչում է ոչ թե որպես նախատինք, այլ՝ որպես սիրով ասված արթնություն։ Անմիտ է նա, ով ծախսում է իր ժամանակը աննպատակ, իսկ իմաստուն է նա, ով փնտրում է Տիրոջ կամքը։ Քանի դեռ ապրում ու շնչում ենք, Աստված մեզ տալիս է հնարավորություն՝ մեր օրերը դարձնելու լույսի օրեր՝ գործերով, խոսքով ու սրտով։
Այսօր, երբ աշխարհը չափազանց արագ է փոխվում, ամենակարևորն է կանգ առնել ու հարցնել ինքներս մեզ․ ինչո՞ւ եմ ապրում, արդյո՞ք իմ ժամանակը ծառայում է բարի նպատակին, արդյո՞ք իմ ժամանակը ծառայում է Աստծո կամքին։ Երբ մեր ժամանակը միավորվում է Աստծո կամքի հետ, այն դառնում է ոչ թե պարզապես անցողիկ օրերի շղթա, այլ հավիտենական արժեք ունեցող կյանք։
ՄԻՔԱՅԵԼ սարկավագ ՄԱՐԳԱՐՅԱՆ