
«Ոչ մեկը չի կանչում քո անունը, ոչ ոք չի մտածում քեզ ապաստան դարձնել. ահա թե ինչու քո երեսը մեզնից շրջեցիր և մեր մեղքերի համար մեզ դատապարտեցիր» (Եսայի 64։7)
Եսայու մարգարեության այս խոսքերը ցավալի, բայց ճշմարիտ հայելի են մարդկության հոգևոր վիճակի համար։ Դրանք չեն խոսում միայն մի ժամանակի կամ մի ժողովրդի մասին, այլ դրանք բացում են մարդու սրտի այն վիճակը, երբ նա կամաց-կամաց հեռանում է իր Արարչից։ Մենք այլևս չենք կանչում Աստծո անունը ոչ թե որովհետև չենք ճանաչում Նրան, այլ որովհետև սովորել ենք ապրել ինքնաբավության պատրանքով։ Մարդը սկսել է վստահել իր ուժին, իր հաշվարկին, իր խելքին՝ մոռանալով, որ առանց Աստծո ամեն ինչ փխրուն է։
Մենք այլևս Աստծուն չենք դարձրել ապաստան։ Երբ դժվարություն է գալիս, մենք վազում ենք մարդկանց, նյութական միջոցների, ժամանակավոր լուծումների հետևից, բայց ոչ դեպի Նա, Ով միակ հաստատուն վեմն է։ Մեր սրտերը լցվել են անհասկանալի աղմուկով, դատողությամբ, չարությամբ, ատելությամբ, նախանձով ու մրցակցությամբ։ Մարդը մարդուն դարձրել է հակառակորդ ու թշնամի և ոչ թե եղբայր։ Այդ ներքին խավարն է, որ աստիճանաբար փակել է մեր հոգու աչքերը։
Երբ մարդը չի աղոթում, չի զղջում, չի փնտրում Աստծո երեսը, նա ինքն է հեռանում լույսից։ Եվ երբ Աստված Իր «երեսը շրջում է», դա ոչ թե ատելության, այլ զգոնության նշան է։ Նա թույլ է տալիս, որ մենք զգանք մեր մեղքերի ծանրությունը, որպեսզի հասկանանք, թե որքան խոցելի ենք առանց Իր բացառիկ ներկայության։ Աստված չի դատապարտում հաճույքով, այլ այն անում է ցավով՝ սպասելով մարդկության վերադարձին, ոչ թե նրա կորստին։
Մեր անելիքը պարզ է, բայց և միաժամանակ խորունկ։ Մենք պետք է վերադառնանք խոնարհ սրտով և կանչենք Աստծո անունը։ Մենք պետք է մաքրվենք ներքին չարությունից ու ատելությունից ու հաշտվենք միմյանց հետ։ Եվ մենք պետք է Աստծուն դարձնենք մեր միակ ապաստանը, որպեսզի Նա լսի մեզ, ների և նորից Իր պատվական ներկայությամբ լուսավորի մեր կյանքը։
ՄԻՔԱՅԵԼ սարկավագ ՄԱՐԳԱՐՅԱՆ