ՀԻՍՆԱԿԻ ԵՐՐՈՐԴ ԿԻՐԱԿԻ Կիրակի, 7 դեկտեմբերի, 2025թ․ ՀԻՍՆԱԿԻ ԵՐՐՈՐԴ ԿԻՐԱԿԻ Կիրակի, 7 դեկտեմբերի, 2025թ․- Western Diocese of the Armenian Church

Contact Us: 818-558-7474

NEXT EVENT
09 April 2026
DEMIRGIAN SCHOLARSHIP.

ՀԻՍՆԱԿԻ ԵՐՐՈՐԴ ԿԻՐԱԿԻ Կիրակի, 7 դեկտեմբերի, 2025թ․
Published - 5 December 2025

«Երանի նրան, ով ճաշ կուտի Աստծո արքայության մեջ»

(Ղուկ. 14:15)

Այս խոսքը Քրիստոսի խոստումն է այն հավիտենական ուրախության մասին, որ սպասում է նրանց, ովքեր ընդունում են Աստծո հրավերը սիրով և հավատով։ Երբ Քրիստոս խոսում է Աստծո արքայության ճաշի մասին, Նա չի խոսում պարզապես սննդի կամ հյուրընկալության մասին․ Նա խոսում է հոգևոր ճաշի, այն զորավոր միության մասին, որ մարդն ունի Աստծո հետ։ Այդ սեղանի ուտեստը սերն է, հացի նման բաժանվող բարությունը, և գինին՝ Տիրոջ խոսքը, որ կյանք է տալիս հոգուն։

Աստծո սեղանը խորհրդանշում է Նրան մոտ լինելու երջանկությունը, այն խաղաղությունն ու լիությունը, որ աշխարհը չի կարող տալ։ Ճաշը՝ որպես պատկեր, ցույց է տալիս հաղորդակցություն, մտերմություն, և Տերն ուզում է, որ այդ սեղանին նստենք բոլորս։ Աստված իր սեղանը բացել է բոլորիս առաջ։ Նա ամեն մեկին հրավիրում է գալ ու ճաշակել Իր սիրո օրհնությունը, սակայն ինչպես ավետարանական առակում է ասվում, շատերն այդ հրավերը մերժում են՝ տարված իրենց գործերով, աշխարհիկ հոգսերով և նյութական անհանգստություններով տարվելով, մինչդեռ Աստծո սեղանը բաց է, և Տերը սպասում է բոլորիս։ Երանի նրան, ով լսում է այդ ներքին կանչը, թողնում է իր վախերն ու հոգսերը և գալիս է Տիրոջ սեղանին՝ մաքուր սրտով։

Աստծո արքայության ճաշը սկսվում է արդեն այստեղ՝ մեր ներսում, մեր հավատքի կյանքում․ երբ աղոթքի պահին զգում ենք խաղաղություն, երբ սրտով զգում ենք Տիրոջ ներկայությունը՝ մենք արդեն նստած ենք Նրա սեղանի մոտ։ Երբ մարդը ներում է, երբ աղոթում է մաքուր սրտով, երբ սիրով է նայում իր շուրջը՝ նա արդեն ճաշում է այդ երկնային ուրախությունից։

Ուրեմն, թող մեր սրտերը միշտ պատրաստ լինեն այդ հրավերին՝ առանց ուշանալու, որովհետև երանի նրանց, ովքեր ոչ միայն լսում են այդ հրավերը, այլև նստում Աստծո սեղանի մոտ՝ իրենց սրտերում ունենալով լույս ու խաղաղություն։

ՄԻՔԱՅԵԼ սարկավագ ՄԱՐԳԱՐՅԱՆ

Print