ՔՐԻՍՏՈՆԵԱԿԱՆ ՄԱՏՉԵԼԻ ԳԻՏԵԼԻՔ - Մաս 10-րդ ՔՐԻՍՏՈՆԵԱԿԱՆ ՄԱՏՉԵԼԻ ԳԻՏԵԼԻՔ - Մաս 10-րդ- Western Diocese of the Armenian Church

Contact Us: 818-558-7474

NEXT EVENT
19 April 2025

St. Leon Church "Sound of Children" Summer Camp Click Here to lean more

DEMIRGIAN SCHOLARSHIP

ՔՐԻՍՏՈՆԵԱԿԱՆ ՄԱՏՉԵԼԻ ԳԻՏԵԼԻՔ - Մաս 10-րդ
Published - 11 April 2025

ԻՆՉՊԻՍԻ՞Ն ՊԵՏՔ Է ԼԻՆԻ ՔՐԻՍՏՈՆԵԱԿԱՆ ՓՈԽԱԴԱՐՁ ՍԵՐԸ

Քրիստոսանման: Հիսուս Քրիստոս մեզ պատվիրեց ասելով. «Ինչպես Ես ձեզ սիրեցի դուք էլ միմյանց սիրեք» (Հովհ. 13:34): Քրիստոսանման սեր ասելով նախ եւ առաջ հասկանում ենք մեր նմանին մեր անձի պես սիրելը, որն էլ իր հերթին, կարծեք, հիմք է հանդիսանում Աստծուն սիրելուն, քանի որ. «Ով չի սիրում իր եղբորը, որին տեսնում է, ինչպե՞ս կարող է սիրել Աստծուն, որին չի տեսել» (Ա. Հովհ. 4:20):

Եղբայրներին (մեր նմաններին) սիրելու դեպքում միայն, համաձայն Աստվածաշունչի, մարդը մահվանից դեպի կյանք է անցնում, իսկ ովքեր չեն սիրում իրենց եղբայրներին, մնում են մահվան մեջ (Ա. Հովհ. 3:14):

Եղբայրսիրությունը մեծագույն առաքինություն է եւ հակառակ է անձնասիրության, ինչը համաձայն մեր սուրբ հայրապետի. «Սատանայական բոլոր մոլություններից գերագույնն է, որից առաջանում են բազմաթիվ ախտեր: Անձնասերը չի կարող ընկերասեր լինել» (Սբ. Հովհան Մանդակունի կաթողիկոս, 5-րդ դար):

Ի վերջո Քրիստոսին աշակերտելու փաստը նմանի հանդեպ սուրբ սեր ունենալն է. «Եթե դուք միմյանց սիրեք, բոլորը պիտի իմանան, որ դուք Իմ աշակերտներն եք» (Հովհ. 13:35):

 

Ո՞ՐՆ Է ՍԻՐՈ ԱՄԵՆԻՑ ՄԵԾ ԱՐՏԱՀԱՅՏՈՒԹՅՈՒՆԸ

Զոհողության պատրաստ սերը: Քրիստոս պատահաբար չէ, որ ասաց. «Ավելի մեծ սեր ոչ ոք չունի, քան այն, որ մեկն իր կյանքը տա իր բարեկամների համար» (Հովհ. 15:13): Այս խոսքերը դատարկ բառեր չեն այլ փորձված ճշմարտություն: Քրիստոս Իր անձի օրինակով ցույց տվեց ամենից մեծ սերը, երբ Իրեն զոհեց մեզ համար:

Սիրո այս դրսեւորումն ունենալը շատ դժվար է, բայց՝ իրականանալի: Դրա արտահայտման վառ օրինակները շատերս կարող ենք տեսնել մեր իսկ ծնողների զոհողական սիրո մեջ:

Զոհուղության մի յուրահատուկ օրինակ է բերում մեր շնորհաշատ վարդապետը, երբ քրիստոնյաներին, որպես Քրիստոսի մարմնի անդամներ, (Եփես. 5:30) նմանեցնում է մեր իսկ մարմնի անդամներին եւ եզրակացնում. «Եթե գլխի կամ աչքերի վրա փայտի կամ թրի հարված է գալիս, ձեռքը դիմադարձ է կանգնում եւ ինքն է հարվածն ընդունում» (Սբ. Գրիգոր Տաթեւացի, 13-րդ դար):

 

ՈՐՈ՞ՆՔ ԵՆ ՍԻՐՈ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ

Դրանք բազմաթիվ են: Փորձենք ներկայացնել նրանցից մի քանիսը: Նախ՝ ճշմարիտ սերը վանում է վախը, քանի որ. «Սիրո մեջ երկյուղ չկա. եւ կատարյալ սերը հեռու է վանում երկյուղը…, եւ ով երկնչում է, կատարյալ չէ սիրո մեջ» (Ա. Հովհ. 4:18): Այս ճշմարտությունը ժամանակին գիտակցել է սուրբ Անտոն Անապատականը (4-րդ դար) եւ ասել. «Ես այլեւս չեմ երկյուղում Աստծուց, ես Աստծուն սիրում եմ»:

Սիրո շնորհիվ կառուցվում ենք (Ա. Կորնթ. 8:1): Նրանով լցվում ենք Աստծո ամբողջությամբ եւ գերազանցում ամեն գիտություն. (Եփես. 3:19): Սիրով առաջնորդվելու դեպքում չենք խորտակվում անմիտ ու սին վարդապետությունների մեջ (Ա. Տիմ. 1:5-6):

Եւ վերջապես, սիրո շնորհիվ հասնում ենք մեր կյանքի կարեւորագույն ձգտումներից մեկին՝ լիակատար ուրախությանը. «Այս բաները ձեզ ասացի, որպեսզի Իմ ուրախությունը ձեր մեջ լինի եւ ձեր ուրախությունը՝ լիակատար լինի» (Հովհ. 15:11):

 

Ո՞ՐՆ Է ՍԻՐՈ ՎԵՐՋՆԱԿԱՆ ՆՊԱՏԱԿԱԿԵՏԸ

Աստծո հետ անխախտ միություն հաստատելը, քանի որ ինչպես առաքյալն է ասում. «Աստված սեր է, եւ ով սիրո մեջ է ապրում, բնակվում է Նրա մեջ եւ նա՝ Աստծո մեջ» (Ա. Հովհ. 4:16): Այս դեպքում միայն, ունենալով Աստծո ճշմարիտ ներկայությունը ու կատարյալ սերը, մենք ուժ կունենանք տարբերվելու մեղավորներից, որոնք միայն իրենց սիրողներին են սիրում (Ղուկ. 6:32) եւ նմանվել սրբերին, որոնք կարողացան սիրել անգամ իրենց թշնամիներին (Ղուկ. 6:35): Աստվածային ճշմարտությունն ասում է. «Հանդիմանիր իմաստունին եւ նա կսիրի քեզ, խրատիր հիմարին եւ նա ավելի շատ կատի քեզ» (Առակ. 9:8):

Ահա թե ինչու, ցանկանում եմ առաքյալի իսկ խոսքերով բոլորին մախթել ու ասել. «Եւ Տերը թող ուղղի ձեր սրտերը դեպի Աստծո սերը եւ դեպի Քրիստոսի համբերությունը» (Բ. Թես. 3:5):

 

Հայկ Մադոյան

(Շարունակելի)

Print