St. Leon Church "Sound of Children" Summer Camp Click Here to lean more
Ո՞ՐՆ Է ԱՍՏԾՈ ՄԵԾԱԳՈՒՅՆ ՇՆՈՐՀԸ
Քրիստոնեական սերը (Ա. Կորն. 13:13): Այդ իսկ պատճառով մեր Տերը՝ Հիսուս Քրիստոսը, հստակ շեշտեց սիրո առավելությունը, երբ ասաց. «Պիտի սիրես քո Տեր Աստծուն քո ամբողջ սրտով, քո ամբողջ հոգով, ու քո ամբողջ մտքով»: Այս է մեծ եւ առաջին պատվիրանը եւ երկրորդը սրա նման է. «Պիտի սիրես քո ընկերոջը ինչպես քո անձը» (Մատթ. 22:36-39): Իհարկե, վերոհիշյալ պատվիրանները արդեն իսկ առկա էին Հին Կտակարանում (Ղեւտ. 19:18, եւ Բ. Օրինաց 6:5), սակայն նրանց իրական իմաստն ու արժեքը վեր հանվեց մեր Տիրոջ՝ Հիսուս Քրիստոսի կողմից:
Աստծո Միածին Որդին մեզ հայտնեց, որ սերը Մովսիսական Օրենքի մի սովորական պատվիրան չէ, ինչպես կարծում էին փարիսեցիներն ու օրենսգետները, այլ Օրենքն ամբողջացնողը, քանի որ սիրուց են կախված ամբողջ Օրենքն ու Մարգարեները (Մատթ. 22:40):
Ի՞ՆՉ Է ՍԵՐԸ ԵՎ ՈՐՈ՞ՆՔ ԵՆ ՆՐԱ ՀԱՏԿԱՆԻՇՆԵՐԸ
Սերը Սուրբ Հոգու առաջին պտուղն է (Գաղ. 5:22), որը սփռված է մեր սրտերում նույն Հոգու իսկ միջոցով (Հռոմ. 5:5): Սերը քրիստոնյայի համար ամենից կարեւոր պարգեւն է, այն առաջնորդում է մեզ դեպի Երկնքի Արքայություն:
Սիրո հատկանիշները բազմազան են եւ անփոխարինելի. «Սերը համբերող է, քաղցրաբարո է, սերը չի նախանձում, չի ամբարտավանում, չի գոռոզանում չար բան չի խորհում, անիրավության վրա չի ուրախանում, այլ ուրախանում է ճշմարտության վրա, ամեն բանի դիմանում է, ամեն բանի հավատում, մշտապես հույս է տածում, ամեն բանի համբերում» (Ա. Կորնթ. 13:4-8)
ԻՆՉՊԻՍԻ՞Ն Է ՄԱՐԴԿԱՆՑ ՀԱՆԴԵՊ ՏԱԾԱԾ ԱՍՏԾՈ ՍԵՐԸ
Սուրբ եւ կատարյալ: Այս կատարյալ սերը դրսեւորվեց Աստծո Միածին Որդու զոհողությամբ. «Սրանում է սերը. մենք չէ, որ սիրեցինք Աստծուն, այլ Նա սիրեց մեզ եւ ուղարկեց Իր Որդուն մեր մեղքերի քավության համար» (Ա. Հովհ. 4:10): Աստծո սերը մարդկանց հանդեպ անշահախնդիր է եւ նպատակաուղղված է մարդուն փրկելուն: Իսկապես՝ «[Քրիստոս] սիրեց մեզ ճշմարիտ եւ սուրբ սիրով, ոչ թե Իր օգտի համար, այլ մեր, ոչ թե որեւէ բան վերցնելու, այլ՝ տալու» (Սբ. Գրիգոր Տաթեւացի, 14-րդ դար):
ԻՆՉՊԵ՞Ս ԿԱՐՈՂ Է ՄԱՐԴԸ ՍԻՐԵԼ ԱՍՏԾՈՒՆ ԵՎ ՄՆԱԼ ՆՐԱ ՍԻՐՈ ՄԵՋ
Հիսուս Քրիստոսին ընդունելով եւ Նրա կամքը կատարելով, քանի որ Քրիստոսին չընդունողները Աստծո հանդեպ սեր չունեն. «Բայց գիտեմ ձեզ, որ Աստծո հանդեպ սեր չունեք ձեր մեջ: Ես եկա Իմ Հոր անունով եւ Ինձ չեք ընդունում» (Հովհ. 5:42-43): Հիսուս անձնապես շեշտեց այս բառերը եւ ավելացրեց ասելով, թե այն անձինք ովքեր Իրեն չեն սիրում Աստծուն իբրեւ Հայր չեն կարող ունենալ (Հովհ. 8:42):
Հիսուս Քրիստոսին ընդունելուց եւ սիրելուց զատ, անհրաժեշտ է նաեւ կատարել Նրա կամքը, քանի որ այդ դեպքում միայն ի վիճակի կլինենք չհեռանալ Աստծուց եւ մնալ Հիսուսի սիրո մեջ. «Եթե Իմ պատվիրանները պահեք, կմնաք Իմ սիրո մեջ, ինչպես Ես Իմ Հոր պատվիրանները պահեցի եւ մնում եմ Նրա սիրո մեջ» (Հովհ. 15:10):
Ուրեմն, Հիսուսին Քրիստոսին սիրելն ամբողջանում է Նրա պատվիրանները պահելով: Այս է կատարյալ սիրո դրսեւորումը, քանի որ. «Ով պահում է Նրա խոսքը, Աստծո սերը նրա մեջ ճշմարտապես կատարյալ է» (Ա. Հովհ. 2:5):
Հայկ Մադոյան
Շարունակելի