Ո՞ՒՄ ԿԱՄ ԻՆՉԻՆ Է ԻՐ ՀՈՒՅՍԸ ԿԱՊՈՒՄ ՄԱՐԴԿՈՒԹՅԱՆ ՄԵԾԱՄԱՍՆՈՒԹՅՈՒՆԸ
Ազդեցիկ մարդկանց կամ նյութական հարստության վրա: Շատ հաճախ ականատես ենք լինում անձանց, որոնք իրենց միակ հույսը կապում են այս կամ այն անձի հետ եւ իրենց բարեկեցությունն ու երջանիկ ապագան տեսնում նրանց հովանավորության ներքո: Այսպիսիները սակայն մոռանում են այն անհերքելի ճշմարտությունը, թե նույն այդ ազդեցիկ անձինք անցավոր եւ մահկանացու են: Մարգարեն այս անձանց հույսը «սնոտի» է կոչում եւ զգուշացնում, որ եթե գիտակցության չգան ապա նրանք տանջանքների եւ նույնիսկ ոչնչացման կենթարկվեն (Ես. 31:2-4):
Շատ անձինք էլ կան, որոնք իրենց հույսը դնում են նյութական հարստության վրա եւ իրենց ապահովված ու երջանիկ են զգում: Այսպիսիների համար է, որ Հիսուս պատմեց անմիտ հարուստի առակը, որն ամփոփվում է հետեւյալ խոսքերում. «Անմիտ, հենց այս գիշեր հոգիդ քեզնից պահանջելու են, իսկ ինչ որ պատրաստել ես, ո՞ւմն է լինելու» (Ղուկ. 12:20):
Ի վերջո, մարդը պետք է մշտապես հիշի սուրբ գրային հետեւյալ ճշմարտությունը. «Ով հույսը դնում է հարստության վրա, պետք է կործանվի» (Առակ. 11:28): Այս կապակցությամբ տեղին է հիշել երջանկահիշատակ Գարեգին Ա. կաթողիկոսի հետեւյալ միտքը. «Ինքնախաբեություն է ակնկալել (հուսալ Աստծուց) անձնական շահ, քանի որ դրանով մենք չենք ենթարկվում Աստծո կամքին, այլ Աստծուն փորձում ենք ենթարկել մեզ»:
Ո՞ՐՆ Է ՔՐԻՍՏՈՆՅԱՅԻ՝ ԱՍՏԾՈ ՀԱՆԴԵՊ ՈՒՆԵՑԱԾ ՀՈՒՅՍԻ ՆՊԱՏԱԿԱԿԵՏԸ
Հավիտենական կյանքը ժառանգելը, որն իբրեւ վարձատրություն Աստված պիտի շնորհի ճշմարիտ քրիստոնյաներին (Մատթ. 19:29): Քանզի ինչպես առաքյալն է ասում. «Եթե միայն այս կյանքի համար ենք հույս դրել ի Քրիստոս, ողորմելի ենք, քան բոլոր մարդիկ» (Ա. Կորնթ. 15:19):
Քրիստոնյան այս կյանքի հոգեւոր բարիքներին հուսալուց առավել (որոնք նույնպես կարեւոր են) պետք է հուսա իր հոգու եւ մարմնի փրկությանը, ինչի միակ գրավականը Փրկչի՝ Հիսուս Քրիստոսի, հարությունն ու երկրոդ գալուստն է: Հիսուսի երկրորդ գալստյան ընթացքում է, որ բոլոր ննջեցյալները պիտի հարություն առնեն եւ արդար գտնվելու դեպքում՝ ժառանգեն Երկնքի Արքայությունը:
Փաստորեն, ոչ թե հույսը վերջինն է մեռնում (այս արտահայտությունը լայնորեն ընդունված է մեր ժողովրդի մեջ), այլ այն ուղղում է մեզ դեպի նոր եւ երանավետ կյանքի: Այս միտքը շեշտելու համար է, որ Պողոս առաքյալը հորդորեց թեսաղոնիկեցիներին, ասելով՝ «Եղբայրներ, չեմ ուզում, որ անգետ լինեք ննջեցյալների մասին, որպեսզի չտխրեք, ինչպես ուրիշները, որ հույս չունեն: Եթե հավատում եք, թե Հիսուս մեռավ եւ հարություն առավ, այդպես էլ Աստված Հիսուսի միջոցով ննջեցյալներին ետ կյանքի պիտի բերի նրա հետ» (Ա. Թես. 4:12-13):
ՀՆԱՐԱՎՈ՞Ր Է ԱՐԴՅՈՔ ՀՈՒՅՍ ՉՈՒՆԵՆԱԼ, ԿԱՄ ՀՈՒՍԱԼՔՎԵԼ
Այո, ճշմարիտ հույսից զուրկ են այն անձինք, որոնք Քրիստոսին չեն ճանացում կամ հեռացել են նրանից (Եփ. 2:12):
Հույսը կարող է նաեւ թուլանալ եւ աստիճանաբար անհետանալ. «Կորավ իմ ուրախությունը եւ իմ հույսը առ Տեր» (Ողբ. 3:18): Հուսալքվածները հիմնականում թերահավատներն են կամ մեղքերի ծովում խեղդվողները, որոնք հեռացել են Աստծուց եւ ուժը չունեն տեսնելու օգնություն առաջարկող ողորմած Հոր ձեռքը: Իսկապես՝ «Թույլ հավատը մարդուն հուսահատ է դարձնում իսկ չար գործերը տանջանքի երկյուղ [առաջացնում]» (Սբ. Գրիգոր Տաթեւացի):
Ավելին, հուսահատությունը կարող է մարդուն նույնիսկ ինքնասպանության դրդել: Այդ իսկ պատճառով այն դասվում է մեծագույն մեղքերի շարքին. «Հուսահատությունը ամենեւին չար եւ վատթար է եւ ինչպես բոլոր մեղքերը ծանրագույն եւ վնասակար է մարդու համար» (Սբ. Գրիգոր Տաթեւացի):
ԻՆՉՊԻՍԻ՞Ն ՊԻՏԻ ԼԻՆԻ ՔՐԻՍՏՈՆՅԱՅԻ ՀՈՒՅՍՆ ԱՌ ԱՍՏՎԱԾ
Ամուր եւ ամբողջական, քանզի՝ «Փորձությունները չեն կարող սպառել Աստծո վրա դրած մեր հույսը» (Պիմենոս Անապատական): Մեզ՝ քրիստոնյաններիս համար, հույսի ամրության պահպանումը կարեւորագույն նախապայման է. «…Հաստատ մնա ձեր հույսը մինչեւ վերջ» (Եբր. 6:11): Աստծո հանդեպ ունեցած հույսն է օգնում մեզ նեղություններին համբերել, հաճախակի աղոթել եւ ուրախ լինել (Հռոմ. 12:12):
Ի վերջո հիշենք, որ ամենակարող եւ բարի Աստված նաեւ «Հույսի Աստվածն» է, որը մշտապես զորացնում է մեզ. «Թող հույսի Աստված լիացնի ձեզ ամենայն ուրախությամբ եւ խաղաղությամբ, որպեսզի Սուրբ Հոգու զորությամբ դուք առատանաք» (Հռոմ. 15:13):
Հայկ Մադոյան
(շարունակելի)