ՔՐԻՍՏՈՆԵԱԿԱՆ ՄԱՏՉԵԼԻ ԳԻՏԵԼԻՔ - Մաս 7-րդ ՔՐԻՍՏՈՆԵԱԿԱՆ ՄԱՏՉԵԼԻ ԳԻՏԵԼԻՔ - Մաս 7-րդ- Western Diocese of the Armenian Church

Contact Us: 818-558-7474

NEXT EVENT
15 May 2025

St. Leon Church "Sound of Children" Summer Camp Click Here to lean more

DEMIRGIAN SCHOLARSHIP

ՔՐԻՍՏՈՆԵԱԿԱՆ ՄԱՏՉԵԼԻ ԳԻՏԵԼԻՔ - Մաս 7-րդ
Published - 21 March 2025

ՈՐՈ՞ՆՔ ԵՆ ԱՍՏՎԱԾԱՅԻՆ ՄԵԾԱԳՈՒՅՆ ԱՌԱՔԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՄ ՇՆՈՐՀՆԵՐԸ

Այս հարցին սպառիչ պատասխան է տալիս Պողոս առաքյալը, ասելով. «Բայց արդ, մնում են հավատ, հույս, սեր. սրանք՝ երեքը. եւ սրանցից մեծագույնը սերն է» (Ա. Կորնթ. 13:13):

Նախորդ համարում մենք անդրադարձանք նրանցից առաջինին՝ հավատին, որպես փրկագործության նախապայմաններից մեկը: Ստորեւ, փրկագործության նախապայմանների շղթան շարունակելու համար՝ անդրադառնալու ենք վերոհիշյալ առաքինություներից հաջորդին՝ հույսին:

 Ի՞ՆՉ Է ՀՈՒՅՍԸ 

Իրական եւ ճշմարիտ հույսը աստվածային շնորհ է (Բ. Թես. 2:15), որը ձեւավորվում եւ ամրանում է նաեւ անձնական փորձառության վրա. «Նեղությունները համբերություն են բերում, համբերությունը՝ փորձառություն, փորձառությունը՝ հույս» (Հռոմ. 5:3-4):  Եռամեծար վարդապետի խոսքերով արտահայտված՝ «Հույսը ստույգ ակնկալությունն է հանդերձյալ բարիքների, որն առաջանում է Աստծո շնորհներից եւ բարի գործերից» (Սբ. Գրիգոր Տաթեւացի 14-րդ դար):

Հույսը վերոհիշյալ երեք առաքինություններից միակն է, որն ուղղված է ապագային, քանզի. «Տեսանելի հույսը հույս չէ, քանի որ մի բան որ մեկը տեսնում է, էլ ինչո՞ւ հուսա. իսկ եթե հույս ունենք մի բանի, որ չենք տեսնում, ուրեմն՝ համբերությամբ սպասում ենք դրան» (Հռոմ. 8:24-25):

Ո՞Վ Է ՔՐԻՍՏՈՆՅԱՅԻ ՀՈՒՅՍԻ ԱՌԱՆՑՔԸ

Միայն եւ միայն ամենակարող Աստված, քանզի՝ «Մենք հույս ենք տածում այն բանին, ինչն Աստծո կամքն է ու գերագույն բարիքը» (Գարեգին Ա): Աստվածաշունչ Մատյանը պարզորոշ վկայում է սույն ճշմարտությունը. «Ես հույսս Քեզ վրա դրեցի, ով Տեր եւ Դու կլսես ինձ ով իմ Աստված» (Սաղմ. 37:16): Պետք է նկատել, որ սույն վկայությունը վերաբերում է ինչպես Հայր, այնպես էլ Որդի Աստծուն, ինչն էլ իր հերթին մեկ անգամ եւս շեշտում է Ամենասուրբ Երրորդության եւ Մի Աստվածության ճշմարտությունը: Այսպես, սաղմոսաց գրքի մեկ ուրիշ համարում, կարդում ենք.  «Օգնականն ու Փրկիչը իմ Դու ես եւ ես հույսս դրի Քո Խոսքի վրա» (Սաղմ. 118:114): Իսկ ո՞վ է Աստծո խոսքը, եթե ոչ Հայր Աստծո Միածին Որդին (Հովհ. 1:1): Երբ գիտակցում ենք այս ճշմարտությունը, նկատում ենք սաղմոսերգուի եւ Պողոս առաքյալի մտքերի նույնությունը, երբ վերջինս Հիսուս Քրիստոսին է անվանում բոլոր քրիստոնյաների հույսը (Ա. Տիմ. 1:1):

Հիրավի, ամենակարող Աստված, եւ ոչ թե նյութական աշխարհը պետք է լինի մեր հույսի առանցքը, քանի որ միայն Աստծո հանդեպ ունեցած «Հույսը երբեք չի ամաչեցնում» (Հռոմ 5:5): Այս ճշմարտության մեծագույն գիտակցությամբ ապրեցին մեր նախնիները՝ տոկալով բազմաթիվ փորձությունների: 

 

Հայկ Մադոյան

Շարունակելի

Print