ՔՐԻՍՏՈՆԵԱԿԱՆ ՄԱՏՉԵԼԻ ԳԻՏԵԼԻՔ - Մաս 6-րդ ՔՐԻՍՏՈՆԵԱԿԱՆ ՄԱՏՉԵԼԻ ԳԻՏԵԼԻՔ - Մաս 6-րդ - Western Diocese of the Armenian Church

Contact Us: 818-558-7474

NEXT EVENT
20 March 2025
ՔՐԻՍՏՈՆԵԱԿԱՆ ՄԱՏՉԵԼԻ ԳԻՏԵԼԻՔ - Մաս 6-րդ
Published - 13 March 2025

ԱՐԴՅՈ՞Ք ՍԲ. ԳՐՔՈՒՄ ԳՈՅՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԻ «ՀԱՎԱՏԻ ԳՈՐԾԵՐ» ԵՎ «ՕՐԵՆՔԻ ԳՈՐԾԵՐ»  ԱՐՏԱՀԱՅՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏԱՐԲԵՐԱԿՈՒՄԸ

Այս հարցի պատասխանը շատ կարեւոր է, քանզի Հայ Առաքելական Եկեղեցու հավատավոր զավակները նմանատիպ տարբերություններ չիմանալու պատճառով՝ լուրջ մարտահրավերների առջեւ են կանգնում: 

Այո, իրապես էլ վերոհիշյալ երկու գաղափարներն էլ առկա են Աստվածաշունչ Մատյանում եւ կարիք են զգում լուրջ մեկնաբանության: Նոր Կտակարանյան թղթերում (մասնավորաբար Պողոս առաքյալի մոտ) մենք շատ հաճախ հանդիպում ենք հավատի եւ օրենքի գործերի հակադրման: Օր՝. «Մենք ընդունում եք, որ մարդը հավատով է արդարանում, առանց Օրենքի գործերի» (Հռոմ. 3:28): Այս եւ նմանատիպ համարներն անհրաժեշտ է լիարժեք կերպով մեկնաբանել, քանի որ միակողմանի մեկնաբանությունը կարող է հանգեցնել սխալ կարծիքների:

Առաքյալը երբեք էլ չի հակադրում գործերը՝ (հավատի գործերը) հավատին, այլ Մովսիսական Օրենքի գործերին, որի տակ փակված էինք (Գաղ. 3:23) եւ, որն ընդամենը դաստիարակի հանգամանք ուներ իսկ հավատի գալուստով Օրենքի գործերն, ինչպիսիք են, օրինակ՝ շաբաթը պահելը, անմաքուր կենդանիների միս չուտելը, մասնահատուկ հրեական տոներ պահելը եւ այլն,  այլեւս երկրորդական են դառնում (Կողոս․ 2։16-17): Նույն Պողոս առաքյալը սակայն, երկրորդական համարելով Օրենքի գործերը՝ շատ կարեւորում է հավատի գործերը, երբ Թեսաղոնիկեի Եկեղեցուն ուղղված առաջին թղթում գոհություն է հայտնում Աստծուն՝ «…անդադար հիշելով [նրանց] հավատի գործը, սիրո վաստակը եւ հույսի համբերությունը» (Ա. Թես. 1:2-3):

Ավելին, Պողոս առաքյալը Տիմոթեոսին գրելիս պատվիրում է նրան, եւ մասնավորաբար տեղի քրիստոնյաներին, հարգել այրիներին, բարի վերաբերմունք ցույց տալ ծնողներին եւ թվարկելով այս առաքինությունները՝ շարունակում է. «Իսկ եթե մեկը յուրայիններին եւ մանավանդ ընտանիքի անդամներին խնամք չի տանում, հավատն ուրացել է եւ ավելի չար է, քան անհավատը» (Ա. Տիմ. 5:8) 

Ի վերջո, մենք պետք է վերարժեւորենք մեր նախնիների կողմից արդեն երկար դարեր առաջ ընդունված մի պարզ ճշմարտություն. «Պետք է Հավատի գործերը գործել, որոնցով արդարանում ենք եւ ոչ թե հին Օրենքի գործերը, որոնք չեն կարող արդարացնել» (Սբ. Գրիգոր Տաթեւացի, 14րդ դար):

ԻՆՉՊԻՍԻ՞Ն Է ՀԱՎԱՏ-ԳՈՐԾ ՓՈԽՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆԸ

Այս փոխհարաբերությունը լրացնող բնույթ ունի եւ ամենեւին էլ չի հակասում մյուսին (ինչպես կարծում են շատ նորահայտ քրիստոնեական ուղղություններ): Առանց Հիսուս Քրիստոսի հանդեպ ունեցած հավատի առաքինի գործերն անպետք եւ անօգուտ են (Եփես. 2:8-9), (Բ. Տիմ. 1:9) եւ նմանապես հավատն առանց գործերի անօգուտ եւ նույնիսկ «մեռած» է (Հակ. 2:17): Ուրեմն, հավատի եւ գործերի ներդաշնակ համագործակցությամբ է միայն հնարավոր դրական արդյունքի հասնել եւ այս դեպքում է, որ  հավատը կատարյալ է դառնում. «Տեսնում ես հավատը գործակից եղավ նրա գործերին եւ գործերով էլ հավատը կատարյալ դարձավ» (Հակ. 2:22):

Հավատի եւ գործերի կատարյալ միությունն է մեզ հասցնելու «Քրիստոսի հասակի չափին» (Եփես. 4:13-14) եւ առաջնորդելու մեզ դեպի երկնքի արքայություն: «Եւ ինչպես արծիվն է թռչում երկու թեւերով, նույնպես եւ մարդն է հավատով եւ գործերով թռչում երկնքի արքայություն»  (Սբ. Գրիգոր Տաթեւացի, 14-րդ դար):

Հայկ Մադոյան

(շարունակելի)

 

Print