ՔՐԻՍՏՈՆԵԱԿԱՆ ՄԱՏՉԵԼԻ ԳԻՏԵԼԻՔ - Մաս 5րդ ՔՐԻՍՏՈՆԵԱԿԱՆ ՄԱՏՉԵԼԻ ԳԻՏԵԼԻՔ - Մաս 5րդ- Western Diocese of the Armenian Church

Contact Us: 818-558-7474

NEXT EVENT
20 March 2025
ՔՐԻՍՏՈՆԵԱԿԱՆ ՄԱՏՉԵԼԻ ԳԻՏԵԼԻՔ - Մաս 5րդ
Published - 7 March 2025

ՄԵՐ ՏԵՐ ՀԻՍՈՒՍ ՔՐԻՍՏՈՍԻՑ ԶԱՏ ԿԱ՞Ն ԱՐԴՅՈՔ ՓՐԿՈՒԹՅԱՆ ԱՅԼ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐ

Միանշանակ՝ ոչ, սակայն մեր օրերում, ի ցավ սրտի պետք է նկատել, որ այլակրոն անձանց հետ մեկտեղ այս ճշմարտությունը չեն գիտակցում նաեւ որոշ քրիստոնեական ուղղություններ: Այս կապակցությամբ տեղին ենք համարում մեկ անգամ եւս հիշեցնել Հիսուսի կողմից իսկ արտասանված հետեւյալ խոսքերը. «Ես եմ ճանապարհը, ճշմարտությունը եւ կյանքը, ոչ ոք չի գա Հոր մոտ, եթե ոչ Ինձանով» (Հովհ. 14:6):

Հիրավի, Պետրոս առաքյալը Հիսուս Քտիստոսի համբարձումից հետո այս նույն աստվածային ճշմարտությունը վկայեց տաճարի պաշտոնյաների ու սադուկեցիների (հրեական կրոնական ուղղություններից մեկի հետեւորդ) առջեւ, երբ ասաց. «Ուրիշ մեկի միջոցով փրկություն չկա, որովհետեւ երկնքի տակ չկա մարդկանց տրված այլ անուն, որով կարելի լինի, որ մենք փրկվենք» (Գործք. 4:12):

Մեր Փրկչի արտահայտած եւ առաքյալների կողմից շարունակված այս ճշմարտությունը անխափան կերպով փոխանցվել է առաջին իսկ դարերի քրիստոնյաներին եւ նրանց միջոցով էլ՝ մեզ, քանզի սրա մասին են վկայում բազմաթիվ ուղղադավան հայրերի հեղինակավոր խոսքերը, որոնցից մեկն էլ Սբ. Կիպրիանոսն է, ով ասում է. «Անհնարին է Հորը հասնել, եթե ոչ միայն Իր Որդու՝ Հիսուս Քրիստոսի միջոցով» (Սբ. Կիպրիանոս հայրապետ, 250թ.):

Տասնյակ դարեր շարունակ մեր նախահարերը ոչ միայն լրջորեն ըմբռնեցին Փրկչի խոսքերը, այլ ապրեցին նրանք եւ երբեք չուրացան իրենց միակ փրկությունը՝ Հիսուսի Քրիստոսին, քանի որ քաջ գիտակցում էին Տիրոջ խոսքերը, թե՝ «Ով Ինձ կուրանա մարդկանց առաջ, ես էլ նրան կուրանամ Իմ Հոր առաջ, որ երկնքում է» (Մատթ. 10:33):

ԱՅԼԱԿՐՈՆ, ՍԱԿԱՅՆ ԱՌԱՔԻՆԻ ԿՅԱՆՔՈՎ ԱՊՐՈՂ ԱՆՁԻՆՔ ԿԱՐՈ՞Ղ ԵՆ ԱՐԴԱՐԱՑՎԵԼ ԵՎ ՓՐԿՈՒԹՅԱՆ ԱՐԺԱՆԱՆԱԼ

Հենվելով նախորդ համարում հիշատակված աստվածաշնչային համարների եւ Ընդհանրական ու Առաքելական եկեղեցու դիրքորոշման վրա՝ պատասխանը բացասական պետք է նկատել: Պետք է ասել, որ  նմանատիպ հարցի շուրջ կարծիքներ են փոխանակվել դեռեւս առաջին դարերում: Լակտանտիուսի (Արեւմտյան եկեղեցու հայրերից մեկն է, 4-րդ դարի սկիզբ) գրվածքներում հանդիպում ենք Սիմոն Աթանացի անվամբ մի առաքինի հեթանոսի, որն իր ունեցած հարստությունը բաշխում էր աղքատներին, հագցնում էր մերկերին եւ ընդհանրապես իր կյանքն անց էր կացնում բարեգործությամբ եւ մարդկանց խնամելով: Սակայն Սիմոն Աթենացու նման անձինք անգամ նկատվեցին իբրեւ «մարմնի, որն զրկված է գլխից» (Լակտանտիուս), քանզի նրանց մոտ բացակայում է ամենակարեւոր հատկանիշը՝ ճշմարիտ Աստծո ճանաչողությունը: Եթե Աստված իրապես նրանց հայրը լիներ Հիսուսին կընդունեին եւ կսիրեին, որովհետեւ Ինքն Աստծուց ելավ ու եկավ. եւ ոչ թե Ինքն Իրեն եկավ, այլ Հայրը ուղարկեց նրան (Հովհ. 8:42): Քրիստոսին ընդունելով է, որ անձը մաս է կազմում մի Սուրբ Մարմնի՝ Եկեղեցու, որի գլուխն Ինքը՝ Փրկիչն է (Եփես. 4:15-16):

Այս ամենից զատ սակայն, Եկեղեցին սրբազան հայրերը, ինչպես անցյալում, այնպես էլ այսօր, լրջորեն գիտակցում են մարդասեր Աստծո անչափելի գթասրտությունն ու ողորմությունը, որը Նա տածում է Իր պատկերով ստեղծած մարդու հանդեպ, եւ փրկություն հայցելով ու աղոթելով ապավինում են Նրան: 

Այս կապակցությամբ տեղին ենք համարում հիշեցնել, Սբ․ Պողոս առաքյալի խոսքն ով ասում էր, որ նրանք ովքեր չունեն ճշմարիտ Աստծո ճանաչողությունը դատվելու ենք ըստ իրենց խղճմտանքի (Հռոմ․ 2:14-16):

ԱՍՏՎԱԾԱՅԻՆ ՓՐԿԱԳՈՐԾԱԿԱՆ ԾՐԱԳՐՈՒՄ ՀԱՎԱՏԸ Ի՞ՆՉ ԴԵՐ ԵՎ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԻ

Նախորդ համարում մենք խոսեցինք փրկագործության՝ որպես աստվածային ձրի պարգեւի մասին, որն իրականացավ աշխարհի Փրկիչ Հիսուս Քրիստոսի միջոցով: Այստեղ սակայն պետք է հստակեցում մտցնել: Հիսուսի խաչելությամբ եւ մանավանդ աստվածապես հարությամբ մարդկանց մեղքերը ներվեցին եւ դեպի Երկնքի Արքայություն տանող փակ դռները բացվեցին: Այս մեծ շնորհի հետեւանքով է, որ մարդ անհատը մկրտության միջոցով հնարավորություն ստացավ մաքրվել ադամական մեղքերից: Այսուհետեւ սակայն, մարդուն է թողնված այդ ճանապարհով ընթանալը, որն իսկապես շատ նեղ է եւ ոչ բոլորը կարող են նրանով անցնել (Մատթ. 7:13-14):

Փրկագործության այս ընթացքում հավատի կատարած դերը եւ ունեցած նշանակությունը անփոխարինելի է: Հիսուս Ինքը մեծապես կարեւորեց այն, երբ ասաց, թե Իրեն հավատացողը չի կորչի այլ կընդունի հավիտենական կյանքը (Հովհ. 3:16): Հիսուսին հավատալով մենք կատարում ենք Հայր Աստծո սուրբ եւ բարի կամքը. «Այս է Իմ Հոր կամքը. ամեն ոք, որ տեսնի Որդուն եւ հավատա նրան ունենա հավիտենական կյանք եւ Ես նրան վերջին օրը հարություն առնել տամ» (Հովհ. 6:40):

«Հավատի պսակը հոգիների փրկությունն է» (Ա. Պետր. 1:9), քանի որ Հիսուսին հավատացողը չպիտի դատապարտվի, իսկ չհավատացողն արդեն իսկ դատապարտված է (Հովհ. 3:18):

Եւ ի վերջո, չմոռանանք ընդհանրական Եկեղեցու երանելի սրբի հետեւյալ արտահայտությունը, «Հավատը փրկության զորությունն է եւ ուժը հավիտենական կյանքի» (Կղեմես Ալեքսանդրացի, 2-3-րդ դար):

ՈՐՔԱՆՈ՞Վ ԵՆ ԿԱՐԵՎՈՐՎՈՒՄ ԲԱՐԻ ԳՈՐԾԵՐԸ ԱՍՏԾՈ ՓՐԿՈՒԹՅԱՆ ՇՆՈՐՀԻՆ ԱՐԺԱՆԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ

Ինչպես Ճշմարիտ հավատը, այնպես էլ առաքինի գործերը (հավատքի գործեր) անհրաժեշտ են փրկություն ստանալու համար: Շատ հաճախ մենք հանդիպում ենք անձանց, որոնք շեշտելով հավատի կարեւորությունը՝ երկրորդական են համարում մարդու գործերը: Այսպիսի կարծիքներին պարզաբանում տալու համար է, որ մեր Տերն ասաց. «Ոչ ամեն մարդ, որ Ինձ «Տե՛ր, Տե՛ր» է ասում երկնքի արքայություն կմտնի, այն նա ով կատարում է կամքը Իմ Հոր, որ երկնքում է» (Մատթ. 7:21):

Ավետարաններում վերջին դատաստանին վերաբերող Հիսուսի խոսքերը ընթերցելիս, տեսնում ենք, թե ինչպես Տերը «անիծյալներ» անվանեց այն անձանց, որոնք չկերակրեցին քաղցածներին, ծարավներին ջուր չտվեցին, մերկերին չհագցրին, հիվանդներին չայցելեցին…., քանզի մարդկանց բարիք չկատարելով՝ Տիրոջը չօգնեցին եւ այդ պատճառով էլ ժառանգեցին հավիտենական կրակը (Մատթ. 25:41-45): Ավելին, մեր Տերն ու Փրկիչը՝ Հիսուս Քրիստոս, Իր ավետարանում հստակ ասում է, որ   «Կգա ժամանակ, երբ բոլոր նրանք, որ գերեզմաններում են, կլսեն նրա ձայնը եւ դուրս կգան. ովքեր բարի գործեր են արել՝ կյանքի հարության համար, իսկ ովքեր չար գործեր են արել՝ դատաստանի հարության համար» (Հովհ․ 5։28-29)։

Իսկ Հովհաննես առաքյալը ներկայացնելով Աստծուց իրեն հայտնվածը վկայում է. «Եվ մեռելները դատվեցին ըստ գրվածների՝ իրենց գործերի համաձայն» (Հայտն. 20:12): Ահա թե ինչու Եկեղեցու երանելի հայրապետներն ու վարդապետները բազմիցս կարեւորեցին մարդկային գործերը եզրակացնելով՝ «Նրան հավատալ, նշանակում է Նրա կամքը կատարել» (Իրինիոս, 2-րդ դար):

Print