2025 թվականի փետրվարի 1-ը պատմական էր Սանտա Կլարիտայի Ս. Սարգիս եկեղեցու շաբաթօրյա դպրոցի համար:
ԱՄՆ Արևմտյան թեմի բարեխնամ առաջնորդ, գերաշնորհ Տ. Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանը, տեղեկանալով օրեցօր աճող ու բարգավաճող դպրոցի մասին, իր կարևոր և հիշարժան այցով պատվեց Ս. Սարգիս եկեղեցու հոգևոր հովիվ Տ. Զավեն քահանա Մարկոսյանին, հայկական շաբաթօրյա դպրոցի ուսուցչական, ծնողական և աշակերտական կազմին:
Սրբազան հայրն աշակերտների հետ «Տերունական աղոթք»-ով սկսեց հանդիպումը: Այնուհետև ի խորոց սրտի ողջունեց աշակերտներին՝ կարևոր պատգամներ հղելով: Աշակերտներն էլ իրենց հերթին արտասանեցին և երգեցին Հայաստանի Հանրապետության հիմնը:
Ուշագրավ էր Հովնան սրբազանի և աշակերտների միջև տեղի ունեցած հարց ու պատասխանը, որի ընթացքում հնչեցին երկուստեք կարևոր հարցեր և շատ հետաքրքիր պատասխաններ:
Ինչպես միշտ առատաձեռն Առաջնորդը խորհրդանշական նվերներ էր բերել աշակերտների և ուսուցչուհիների համար:
Բարձրաշնորհ Տ. Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանը գովեստի խոսքեր հնչեցրեց՝ տնօրինության և ուսուցչական անձնակազմի կատարած աշխատանքի ու անմնացորդ նվիրումի համար:
Ջերմ և հիշատակալից հանդիպումը եզրափակվեց նույնքան ջերմ խմբանկարով: Այս այցելությունը չափազանց պարտավորեցնող, միաժամանակ ուրախացնող էր բոլոր ներկաների համար և այն երկար կմնա աշակերտների ու բոլորիս հիշողության մեջ։
Սեդա Աբաջյան
Տնօրեն