Հյուսիսային Ամերիկայի Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու Արևմտյան Թեմը ուրախ է ներկայացնել շաբաթական շարք, որը նպատակ ունի խորացնելու Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու քրիստոնեական ուղղափառ հավատքի ըմբռնումը և գնահատանքը։
Ի՞նչ է Քրիստոնեությունը:
Քրիստոնեությունը աստվածային ճշմարիտ կրոնն է, որը մարդկանց հայտնվեց Աստծո Միածին Որդի Հիսուս Քրիստոսի կողմից (այստեղից էլ «Քրիստոնեություն» անվանումը):
Ովքե՞ր են Քրիստոնյաները:
Քրիստոնյաները ճշմարիտ հավատացյալներն են, որոնք մկրտվել են Սուրբ Երրորդության անունով (Մատթ. 28:19), (Գործք Առաքելոց 2:38-40), սիրում են Քրիստոսին և կատարում են Նրա կամքն ու փոխանցած բոլոր պատվիրանները: Քրիստոնյաները նաև պատիվ ունեն կոչվելու «Աստծո որդիներ» (Հովհ. 1:12) կամ «Լույսի որդիներ» (Ա. Թես. 5:5): Ահա այսպիսիներն են, որ առաջին անգամ Անտիոքում անվանվեցին «քրիստոնյաներ» (Գործք Առաքելոց 11:26):
Ովքե՞ր տարածեցին Քրիստոնեական լույսը ամբողջ աշխարհով մեկ:
Քրիստենեությունը աշխարհում տարածվեց Հիսուս Քրիստոսի աշակերտների ու հետևորդների կողմից: Նրանցից գլխավորները տասներկուսն էին, որոնք էլ հետագայում անվանվեցին «Առաքյալներ»:
Ի՞նչ են Տիրոջ Առաքյալների անունները։
Առաքյալների անուններն են․ Պետրոս և Անդրեաս, Հակոբոս և Հովհաննես, Փիլիպոս և Բարդուղիմեոս, Մատթեոս և Թադեոս, Թովմաս և Հակոբոս Ալփյան, Սիմոն Կանանացի և Հուդա Իսկարիովտացի, որ հետագայում մատնեց Հիսուսին և փոխարինվեց Մատաթիայով (Գործք Առաքելոց 1:16): Իսկ Պողոսը տասներկուսի մեջ չէր և Հիսուս Քրիստոսի կողմից առաքյալ ընտրվեց Դամասկոս քաղաք ճամփորդելու ընթացքում (Գործք Առաքելոց 9:3-8): Եվ հետագայում է, որ հեթանոս ազգերին քարոզելու պատճառով կոչվեց «Հեթանոսների Առաքյալ»:
Ո՞րն է առաջին քրիստոնյա ժողովուրդը:
Առաջին Քրիստոնյա ժողովուրդը մենք` հայերս ենք: Քրիստոնեությունը Հայաստան բերվեց դեռևս առաջին դարում Հիսուս Քրիստոսի տասներկու աշակերտներից երկուսի` Թադեոս և Բարթուղիմեոս առաքյալների միջոցով: Իսկ 301 թվականին մեր ժողովուրդը ազգովի հռչակեց Քրիստոնեությունը որպես պետական կրոն Սբ. Գրիգոր Լուսավորիչ կաթողիկոսի և Սբ. Տրդատ Գ. թագավորի ջանքերով:
Ո՞ւմ ենք հավատում մենք` Հայ Առաքելական Եկեղեցու զավակներս:
Մենք հավատեւմ ենք միակ և ճշմարիտ Աստծուն, այսինքն` Ամենասուրբ Երրորդությանը` Հայր Աստծուն, Որդի Աստծուն և Սբ. Հոգի Աստծուն:
Արդյոք Սբ. Երրորդությունը մատնանշո՞ւմ է երեք տարբեր Աստվածներ:
Իհարկե ոչ: Ամենասուրբ Երրորդությունը նույն ինքը միակ և ամենակարող Աստվածն է, որն ունի մեկ բնություն, բայց երեք անձեր: «Մի բնութիւն երեք անձինք»: Այս անբացատրելի խորհուրդը մեկնելու համար, եկեղեցու վարդապետները այն նմանեցնում են կրակին, որը մեկն է, բայց միեւնույն ժամանակ ունի լույս և ջերմություն։
Կարելի՞ է արդյոք ավելի բացատրել այս համեմատականը։
Անշուշտ․ պատկերացնենք անտառում բոցավառվող մի կրակ։ Հեռվից ծառերի հետեւում միայն կրակի լույն ենք տեսնում, որը խորհրդանշում է Քրիստոսին։ Երբ սկսում ենք գնալ դեպի լույսի ուղղության եւ մոտենում ենք նրան սկսում ենք զգալ կրակի ջերմությունը, ինչը խորհրդանշում է Սբ․ Հոգին, իսկ երբ շատ ենք մոտենում սկսում ենք տեսնել կրակի բոցը, ինչը խորհրդանշում է Հայր Աստծուն։ Հիշենք, որ այս համեմատականը միայն ընդհանուր պատկերացում է տալիս, ոչ ավելին։ Սբ. Երրորդության բնության մասին խոսելիս տեղին է հիշել Սբ. Ներսես Շնորհալի հայրապետի (12-րդ դար) հետևյալ խոսքերը. «Անհասկանալին հասկանալու միակ միջոցն է հավատալ Սբ. Գրքի մեջ ասվածներին»: Սբ. Երրորդությանը հավատալն ու դավանելը քրիստոնյայի համար նախապայման է:
Համադրեց` Հայկ Մադոյանը