
Սույն թվականի Փետրվար 26-ին, Արևմտյան թեմի Բարեխնամ Առաջնորդ՝ Գերաշնորհ Տեր Հովնան Արքեպիսկոպոս Տերտերյանը, ուղեկցությամբ՝ Արժանապատիվ Տեր Նժդեհ Քահանա Քեշիշյանի այցելեց Մերդինյան Հայ Ավետարանական և ՀԲԸՄ Մանուկյան-Դեմիրճյան ամենօրյա վարժարաններ։ Ինչպես ամեն տարի, այս անգամ ևս, Մեծ Պահքի խորհրդով և Սուրբ Հարության տոնի սպասումով Սրբազան Հայրը հանդիպեց սիրելի աշակերտներին և ուսուցչական կազմերին։


Սրբազան Հոր հայրական, խրատական խոսքի հիմքում դրված էր ներողամտության գաղափարը։ Մանրամասնորեն խոսելով ներողամտության կարևորության մասին՝ Հովնան Սրբազանը պատվիրեց սիրելի աշակերտներին մշտապես ներել միմյանց սխալները և եղբայրաբար հոգ տանել իրար։ Իրենց հերթին աշակերտներն ու ուսուցիչներն իրենց հուզող հարցերը հղեցին սիրելի Սրբազանին և ստացան դրանց պատշաճ պատասխանները։
Սրբազան Հայրը բաժանվեց սիրելի աշակերտներից՝ առաջիկայում կրկին հանդիպելու խոստումով։
Այս օրերին Սրբազան Հոր այցելությունները կշարունակվեն հայկական տարբեր դպրոցներից ներս։
Դիվան Առաջնորդարանի