ԱՆԱՌԱԿԻ ԿԻՐԱԿԻ ՄԵԾ ՊԱՀՔԻ ԵՐՐՈՐԴ ԿԻՐԱԿԻ - 1 մարտի, 2026թ․ ԱՆԱՌԱԿԻ ԿԻՐԱԿԻ ՄԵԾ ՊԱՀՔԻ ԵՐՐՈՐԴ ԿԻՐԱԿԻ - 1 մարտի, 2026թ․- Western Diocese of the Armenian Church

Contact Us: 818-558-7474

NEXT EVENT
06 March 2026
DEMIRGIAN SCHOLARSHIP.

ԱՆԱՌԱԿԻ ԿԻՐԱԿԻ ՄԵԾ ՊԱՀՔԻ ԵՐՐՈՐԴ ԿԻՐԱԿԻ - 1 մարտի, 2026թ․
Published - 27 February 2026

«Եվ վեր կացավ եկավ իր հոր մոտ և մինչ դեռ հեռու էր,  հայրը տեսավ նրան և գթաց, վեր կացավ և վազեց և վազեց նրան ընդառաջ, ընկավ նրա պարանոցով և համբուրեց նրան» (Ղուկաս 15։20):

Մեծ Պահքի Անառակի կիրակին մեզ ներկայացնում է մի գեղեցիկ առակ, որը դարեր շարունակ մնում է կենդանի ու արդիական։ Երկու եղբայրների պատմությունը ոչ միայն անցյալի պատմություն է, այլ այն մեր կյանքի հայելին է։ Կրտսեր որդին պահանջեց իր բաժինը, հեռացավ հայրական տնից և մսխեց իր ունեցածը։ Նա փնտրում էր ազատություն, բայց գտավ դատարկություն։ Նա փնտրում էր հաճույք, բայց հանդիպեց սովի ու միայնության։ Եվ երբ հասավ իր անկման խորքին, հիշեց հոր տունը։ Հիշեց ոչ միայն հացը, այլ նաև հայրական անկեղծ սերը։ Այդ հիշողությունն էր նրա վերադարձի սկիզբը։

Սակայն առակում կա նաև ավագ եղբայրը։ Նա երբեք չէր հեռացել տնից, սակայն նրա սիրտը նույնպես հեռու էր հորից։ Նա ապրում էր պարտքի զգացումով, բայց ոչ սիրով։ Երբ հայրը ուրախությամբ ընդունեց վերադարձած որդուն, ավագ որդին դժգոհեց։ Նրա արդարությունը խիստ էր, բայց առանց ողորմության։

Այս երկու եղբայրները մեր մեջ են այսօր։ Երբեմն մենք կրտսեր որդու նման հեռանում ենք Աստծուց՝ գնալով մեր ցանկությունների հետևից։ Երբեմն էլ ավագ եղբոր նման «մնում ենք» Աստծո հետ, բայց սրտով դատում ու խստացնում ուրիշներին։ Մեկը կորում է բացահայտ մեղքի մեջ, իսկ մյուսը՝ թաքուն հպարտության մեջ։ Սակայն Հայրը մնում է նույնը՝ սիրող, սպասող ու ներող։

Անառակի կիրակին մեզ հիշեցնում է, որ Աստծո տուն վերադառնալու դուռը երբեք փակ չէ։ Անկախ նրանից՝ հեռացել ենք մեր հոր տնից դեպի հեռավոր երկրներ, թե կանգնած ենք տան շեմին սառած սրտով, Հայրը գրկաբաց դուրս է գալիս մեզ ընդառաջ։ Նա չի հարցնում՝ արժանի՞ ես, այլ ասում է՝ «Դու իմ որդին ես»։

Թող այս կիրակին դառնա մեր ներքին վերադարձի սկիզբը և մենք համարձակվենք ընդունել թե՛ մեր թուլությունը, թե՛ մեր կոշտ սիրտը և բացվենք հայրական սիրո առաջ, որովհետև իրական ուրախությունը սկսվում է այնտեղ, որտեղ մարդը վերադառնում է իր սիրող Հոր գրկին, և այնտեղ, ուր սերը հաղթում է թե՛ մեղքին և թե՛ դատապարտությանը։

ՄԻՔԱՅԵԼ սարկավագ ՄԱՐԳԱՐՅԱՆ