
«Եվ Տեր Աստված արտաքսեց նրան բերկրության դրախտից, որպեսզի նա մշակի այն հողը, որից ստեղծվել էր» (Ծննդոց 3։23):
Հայ Եկեղեցում Մեծ Պահքի Արտաքսման կիրակին մեզ հիշեցնում է մարդկության առաջին ցավալի բաժանումը Աստծուց։ Երբ Ադամն ու Եվան պատվիրանազանց եղան, նրանց կյանքում տեղի ունեցավ ոչ միայն վայրի փոփոխություն, այլ՝ սրտի փոփոխություն։ Դրախտից արտաքսվելը նախ և առաջ նշանակում էր հեռանալ Աստծո ներկայությունից, կորցնել Նրա հետ անմիջական հաղորդակցությունը։ Մարդը, որ ստեղծված էր սիրո և լույսի համար, հանկարծ հայտնվեց օտարության ու մենակության մեջ։
Սակայն արտաքսման պատմությունը միայն անցյալի մասին չէ․ այն մեր կյանքի հայելին է։ Ամեն անգամ, երբ մենք ընտրում ենք մեր կամքը Աստծո կամքից բարձր դասել, երբ մեր սրտում գերակայում է հպարտությունը, անտարբերությունը կամ ինքնաբավության պատրանքը, մենք նույնպես ապրում ենք փոքր «արտաքսումներ»։ Աստծուց հեռանալը միշտ սկսվում է ներսից՝ լռեցված խղճից, աղոթքի պակասից, սիրո սառեցումից։
Դրախտը միայն վայր չէր, այլ հարաբերություն։ Այնտեղ մարդն ապրում էր Աստծո հայրական սիրո և հոգատարության մեջ։ Երբ այդ կապը խզվեց, աշխարհը դարձավ պայքարի դաշտ։ Բայց նույնիսկ արտաքսման պահին Աստված չլքեց մարդուն։ Նրա սերը չփոխվեց։ Արտաքսումը դարձավ ոչ թե վերջ, այլ վերադարձի ճանապարհի սկիզբ։
Այս կիրակին մեզ կոչ է անում քննության ենթարկել մեր սրտերը։ Որտե՞ղ ենք մենք հեռացել Աստծուց։ Ի՞նչն է մեզ բաժանում Նրա ներկայությունից։ Մեծ Պահքի շեմին Եկեղեցին մեզ հիշեցնում է, որ ապաշխարությունը վերադարձ է դեպի կորուսյալ դրախտը։ Երբ մենք խոնարհությամբ ընդունում ենք մեր թուլությունը և վերադառնում ենք Աստծո մոտ, Նա բացում է Իր գիրկը։
Թող Արտաքսման կիրակին դառնա ոչ թե միայն վշտի հիշեցում, այլ՝ արթնացման պահ։ Աստծուց հեռանալը բերում է խավար, իսկ դեպի Նրան վերադառնալը՝ լույս և խաղաղություն։ Թող մեր սրտերը նորից փափագեն Աստծո ներկայությունը, որպեսզի կարողանանք վերագտնել այն դրախտային կյանքը, որի համար ստեղծված ենք։
ՄԻՔԱՅԵԼ սարկավագ ՄԱՐԳԱՐՅԱՆ