Վարդավառի ուրախ տոնակատարություն Ֆրեզնոյի Սուրբ Պողոս եկեղեցու շաբաթօրյա վարժարանում Վարդավառի ուրախ տոնակատարություն Ֆրեզնոյի Սուրբ Պողոս եկեղեցու շաբաթօրյա վարժարանում- Western Diocese of the Armenian Church

Contact Us: 818-558-7474

NEXT EVENT
16 August 2025
DEMIRGIAN SCHOLARSHIP.

Վարդավառի ուրախ տոնակատարություն Ֆրեզնոյի Սուրբ Պողոս եկեղեցու շաբաթօրյա վարժարանում
Published - 14 August 2025

Հայոց ազգային ավանդույթների պահպանման և փոխանցման կարևոր առաքելությամբ, հուլիսի 27-ին Սուրբ Պողոս եկեղեցու բակում կազմակերպվեց Վարդավառի ուրախ և հիշարժան տոնակատարություն՝ շաբաթօրյա վարժարանի ուսուցիչների, ծնողների, սաների և շրջանավարտների մասնակցությամբ։ Այս գեղեցիկ տոնը, որը միավորում է նախաքրիստոնեական և քրիստոնեական արմատներ և այն նշվեց ոգեշնչող և զվարճալի մթնոլորտում։

Պատարագի ընթացքում աշակերտները ծանոթացան Վարդավառի խորքային իմաստին՝ Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության պատմությանը, ինչպես նաև ջրի խորհրդանշական դերին հայ ժողովրդական ավանդույթներում՝ որպես մաքրագործման և վերածննդի միջոց։ Աշակերտները նախապատրաստել էին նաև Վարդավառին նվիրված ոտանավորներ։ Տոնական օրվա ամենասպասված հատվածը, անկասկած, ջրախաղերն էին։ Եկեղեցու բակը վերածվել էր ջրային աշխույժ աշխարհի, որտեղ երեխաները՝ հագած լողազգեստներ ու գունավոր գլխարկներ, խաղում էին ջրի շշերով, ջրային ատրճանակներով, դույլերով ու ջրերով լցված փուչիկներով։ Նրանց ուրախությանը միացել էին նաև ծնողները՝ ստեղծելով իսկական տոնական խանդավառություն։ Ուրախ ճիչեր, հայկական վարդավառյան երաժշտություն, ջուր, ծիծաղ ու խաղ – Վարդավառի ոգին լիարժեք զգացվում էր ամենուր։

Տոնի ավարտին բոլորին սպասում էր համեղ հյուրասիրություն՝ սառնորակ պաղպաղակ, քաղցրավենիքներ և պիցցա, որոնք լրացրին օրվա տպավորությունները։

Շաբաթօրյա վարժարանի Վարդավառը դարձավ ոչ միայն զվարճալի միջոցառում, այլև կրթական և հոգևոր խորությամբ տոն՝ միավորելով երեխաներին ազգային ինքնության, հավատքի և համայնքային արժանապատվության շուրջ։ Վարժարանի ղեկավարությունը, ապահովելով տոնակատարության բարձր մակարդակով կազմակերպումը, քաջ գիտակցում է նման միջոցառումների դերը՝ սերունդներին իրենց արմատներին կապելու և համայնքի միասնականությունը զորացնելու գործում։

Հատուկ շնորհակալություն Անի Միքայելյանին, նրա ընտանիքին և հարազատներին՝ կազմակերպչական աշխատանքներին ակտիվ և նվիրված մասնակցության համար՝ վարժարանի պատմությանը ևս մեկ հիշարժան օրով ավելացնելու կապակցությամբ։

Մարգարիտ Դումանյան

Ֆրեզնոյի Ս․ Պողոս եկեղեցու շաբաթօրյա վարժարանի տնօրեն