ՀԱՅՑ․ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ԵԿԵՂԵՑԻՆ։ ՀԱՐՑ ԵՒ ՊԱՏԱՍԽԱՆ  Մաս 20-րդ ՀԱՅՑ․ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ԵԿԵՂԵՑԻՆ։ ՀԱՐՑ ԵՒ ՊԱՏԱՍԽԱՆ  Մաս 20-րդ- Western Diocese of the Armenian Church

Contact Us: 818-558-7474

NEXT EVENT
27 July 2025

St. Leon Church "Sound of Children" Summer Camp Click Here to lean more

DEMIRGIAN SCHOLARSHIP.

ՀԱՅՑ․ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ԵԿԵՂԵՑԻՆ։ ՀԱՐՑ ԵՒ ՊԱՏԱՍԽԱՆ  Մաս 20-րդ
Published - 25 July 2025

ԱՐԴՅՈ՞Ք “SOLA SCRIPTURA” ԱՐՏԱՀԱՅՏՈՒԹՅՈՒՆԸ ԱՍՏՎԱԾԱՇՆՉԱՅԻՆ Է.

Միանշանակ՝ ոչ: Աստվածաշնչի վրա միայն հիմնվող եկեղեցիների հիմնական սկզբունքը հիմնված չէ Աստվածաշնչի վրա: Առաջին հայացքից զավեշտական թվացող այս պատասխանը ամբողջությամբ համապատասխանում է իրականությանը: Այս հանրահայտ ճշմարտությունը գիտակցում են նաև նրանք ովքեր քարոզում են այն: Այս ամենով հանդերձ նրանք բացատրում են, թե կարգախոսը բխում է Սբ. Գրքի ոգուց և փորձում են նմանություններ գտնել հայերիս համար շատ հարազատ Բ. Տիմ. 3:15-16 համարում, որտեղ Պողոս առաքյալը բառացի ասում է. «Մանկուց գիտես Սուրբ Գրքերը, որոնք կարո՛ղ են իմաստուն դարձնել քեզ փրկության համար այն հավատի միջոցով, որ Քրիստոս Հիսուսի մեջ է, և շարունակում, - Աստծու շնչով գրված ամեն գիրք օգտակար է ուսուցման, հանդիմանության, ուղղելու եւ արդարութեան մէջ խրատելու համար»: Արդարև, այս  համարներից հստակ երևում է, որ առաքյալը Սուրբ Գրքերը «օգտակար» է համարում ուսուցում համար, բայց ոչ երբեք «միակ» աղբյուրը:

Ավելին, նույն Պողոս Առաքյալը թեսաղոնիկեցիներին ուղղված իր երկրորդ թղթում ասում է. «Ուրեմն, եղբայրներ հաստատ մնացեք և պինդ պահեցեք այն ավանդությունները, որոնք սովորեցիք, թե խոսքով, և թե մեր թղթով» (Բ. Թես. 2:14):

Ուրեմն, հիմք ունենալով վերոհիշյալ համարն ու ընդհանրապես Աստվածաշնչի ուղղափառ վարդապետությունը հանգում են այն մտքին, որ «Միայն Աստվածաշնչով»- (Sola Scriptura) արտայատությունը ոչ միայն աստվածաշնչային չէ, այլ` հակասում է Աստվածաշնչին:

ՈՐՈ՞ՆՔ ԵՍ ՍԲԳՐՔԻ (SCRIPTURE) ՄԱՍԻՆ ՈՒՆԵՑԱԾ ՏԱՐԲԵՐ ԸՆԿԱԼՈՒՄՆԵՐԸ

Մերօրյա քրիստոնյաները Սբ. Գիրք ասելով հասկանում են Հին և Նոր Կտակարանների հավաքածուն՝ իրենց գրքերով և մանավանդ, Քրիստոսի խոսքերը պարունակող, չորս Ավետարաններով: Սակայն այս նույն հարցին տարբեր պատասխան պիտի տային մեր Տիրոջ Առաքյալները և Տերն Ինքը, քանի որ նրանց ժամանակ Նոր Կտակարանը և Ավետարանները իբրև այդպիսին ամբողջությամբ չէին ձևավորվել (Օրինակ Հովհաննեսի Ավետարանը գրվել է մոտ. 90թ., այն ժամանակ, երբ Տերն արդեն վաղուց համբարձվել էր, իսկ առաքյալների մեծ մասն արդեն ննջել էին):

Այսպես քննենք «ավետարան» բառի գործածությունը Մեր Տիրոջ մոտ և դրանով իսկ վեր հանենք նրա ըմբռնումներն այս կապակցությամբ:

Մեր Տերն Իր երկրային կյանքի ընթացքում մի քանի անգամ օգտագործեց «ավետարան» բառը (Մատթ. 11:5, 24:14. Մարկ. 13:10, Ղուկ. 4:18 և այլն): Ահա մի օրինակ. «Նախ պետք է Ավետարանը քարոզվի բոլոր հեթանոսների մեջ» (Մարկ. 13:10): Սույն համարը հստակ շեշտում է, որ Հիսուս ի նկատի չուներ մեր ըմբռնած չորս կանոնական ավետարանները (Մատթեոս, Մարկոս, Ղուկաս և Հովհաննես), քանի որ ինչպես ասացինք Իր երկրային կյանքի ընթացքում նրանք դեռևս գրված չէին, այլ իր լույս վարդապետությունն ընդհանրապես, իր ամբողջության մեջ:

ԻՆՉՊԵ՞Ս ԷԻՆ ԸՄԲՌՆՈՒՄ «ԱՎԵՏԱՐԱՆ» ԲԱՌԸ ՏԻՐՈՋ ԱՌԱՔՅԱԼՆԵՐԸ

Պողոս առաքյալը Նոր Կտակարանում շուրջ 80 անգամ օգտագործում է «ավետարան» բառը: Տիրոջ նմանությամբ առաքյալը ի նկատի չուներ մերօրյա Ավետարանները, քանզի Պողոս Առաքյալի թղթերն հիմնականում գրվել են շատ ավելի վաղ քան կանոնական որևէ Ավետարան (մոտ 45-65թ.-ին):

Ավետարան ասելով առաքյալը հասկանում էր շատ ավելին, քան մեր ավետարաններում գրվածները: Այսպես. եփեսացիներին հրաժեշտ տալուց առաջ նա պատվիրում է «Հիշել Տեր Հիսուսի խոսքը, որ Ինքն իսկ ասաց.  «Երանելի՜ է մանավանդ տալը, քան առնելը» (Գործք 20:35)։ Վերոհիշյալ միտքը վստահաբար քաջ ծանոթ էր ոչ միայն առաքյալին, այլ նաև Եփեսոսի քրիստոնյաներին, քանի որ առաքյալը ոչ թե ուսուցանում, այլ հիշեցում էր կատարում: Սակայն այս խոսքերը չեն գտնվում չորս ավետարաններից և ոչ մեկում:

Այս օրինակը հստակ բացատրում է, թե ինչու չի կարելի սահմանափակվել միայն Սբ. Գրքի հաղորդած տեղեկությամբ, քանի որ այդպես անելով մենք մերժում ենք Աստվածային հայտնության մյուս կեսը՝ Եկեղեցու Սրբազան Բանավոր Ավանդու-թյունը, որն առաքելական հիշողության մեջ պահվել և հետագայում հայրերի կողմից գրի է առնվել: Այլ խոսքով կտրում ենք թռչունի մեկ թևը և վստահեցնում մեզ և մեր շրջապատին, որ մեկ թևը բավարար է թռչելու համար: Այս է պատճառը, որ Հուստինոս Վկան (մոտ 160թ.) Նոր Կտակարանի գրքերն անվանում է «Առաքյալների հիշողություններ»:

Արդարև, ոչ մի գիրք իր մեջ չի կարող պարունակել Աստվածային ամբողջ ճշմարտությունն ու գործողությունները, նույնիսկ Սուրբ Գիրքը, ահա թե ինչու ցանկանում ենք մեկ անգամ ևս հիշեցնել Հովհաննես առաքյալի հանրահայտ խոսքերը. «Բայց ուրիշ շատ բաներ էլ կան, որ Հիսուս արեց, որոնք, եթե մեկ առ մեկ գրած լիներ, կարծում եմ, թե աշխարհն իսկ բավական չէր լինի պարփակելու այդ գրքերը, եթե դրանք գրված լինեին» (Հովհ. 21:25):

Հայկ Մադոյան

Շարունակելի