ՔՐԻՍՏՈՆԵԱԿԱՆ ՄԱՏՉԵԼԻ ԳԻՏԵԼԻՔ - Մաս 13-րդ ՔՐԻՍՏՈՆԵԱԿԱՆ ՄԱՏՉԵԼԻ ԳԻՏԵԼԻՔ - Մաս 13-րդ- Western Diocese of the Armenian Church

Contact Us: 818-558-7474

NEXT EVENT
29 May 2025

St. Leon Church "Sound of Children" Summer Camp Click Here to lean more

DEMIRGIAN SCHOLARSHIP

ՔՐԻՍՏՈՆԵԱԿԱՆ ՄԱՏՉԵԼԻ ԳԻՏԵԼԻՔ - Մաս 13-րդ
Published - 21 May 2025

ՈՐՈ՞ՆՔ ԵՆ ԵԿԵՂԵՑՈՒ ՀԻՄՆԱԿԱՆ ՉՈՐՍ ՈՐԱԿՈՒՄՆԵՐԸ

Մի, Ընդհանրական, (Կաթողիկե), Առաքելական եւ Սուրբ։ Ելեղեցու Սրբազան հայրերը Սուրբ Հոգու առաջնորդությամբ այս չորս հիմնական բնորոշումները հաստատեցին 325թ-ին գումարված Նիկիո առաջին տիեզերաժողովի հավատի հանգանակում, ինչն իր հերթին Հայց․ Առաքելական մեր Սուրբ Եկեղեցին անաղարտ ու անփոփոխ պահելով փոխանցեց մեզ։

Սույն հոդվածում մանրակրկիտ կերպով կանդրադառնանք նրանցից յուրաքանչյուրին առանձին-առանձին՝ վեր հանելու համար նրանց արժեքն ու կարեւորությունը։

 

 

Ի՞ՆՉ ԵՆՔ ՀԱՍԿԱՆՈՒՄ ՄԻ (ՄԵԿ) ԵԿԵՂԵՑԻ ԱՍԵԼՈՎ

Մեր Տեր եւ Փրկիչ Հիսուս Քրիստոսի Եկեղեցին մեկ է, չնայած՝ ունի բազում ճյուղավորումներ։ Մեկ է քանզի մեկ է Հայր Աստված, որ արարիչն ու հմնադիրն է Եկեղեցու, ում կամքից անկախ ոչինչ չի կարող գոյություն ունենալ (Եսայի 45։12)։

Մեկ է Որդին Աստված, որ գլուխն է եկեղեցու (Եփես․5։23) եւ մեկ է Սուրբ Հոգին Աստված, որ եկեղեցու մեջ բնակվողն ու ապրեցնողն է (Հովհ․ 14։15-18)։

Այո, «Մեկ Տեր կա, մեկ հավատ, մեկ մկրտություն, մեկ Աստված, Հայր բոլորի, որ է բոլորի վրա, բոլորի հետ եւ մեր բոլորի մեջ» (Եփես․ 4։6-7)։

 

 

ԻՆՉՊԵ՞Ս ԿԱՐԵԼԻ Է ՊԱՀԵԼ ԵԿԵՂԵՑՈՒ ՃՇՄԱՐԻՏ ՄԻՈՒԹՅՈՒՆԸ

Այս կարեւոր հարցին պատասխանում է «Հեթանոսաց առաքյալը»-ը՝ Պողոսը երբ պատվիրում է ասելով․ «Կատարյալ խոնարհությամբ, հեզությամբ եւ համբերությամբ հանդուրժեցեք միմյանց սիրով, ջանացեք պահել հոգու միությունը խաղաղության կապով, մեկ մարմին եւ մեկ հոգի որին Աստված կոչեց մեզ» (Եփես․4։ 3-4)։ Վերոհիշյալ հատկանիշները անչափ կարեւոր են քրիստոնեական միությունը պահպանելու համար․ մի բան, «Որին Աստված կոչեց մեզ», բայց որը իրականացնելու գործում շատ թերանում ենք։ Այս կոչումը պարտականություն է յուրաքանչյուր քրիստոնյայի համար, քանզի այն Փրկչի սուրբ կամքն է։ Հիսուս կամենում է․ «Որպեսզի ամենքը մի լինեն», ինչպես Հայրը Իր մեջ է ու Ինքը՝ Հոր մեջ, եւ, որպեսզի մենք էլ Նրանց մեջ լինենք  (Հովհ․ 17։21)։ Այս միությամբ է պայմանավորված Քրիստոսի մարմնի անխափան գոյությունը եւ այդ միությունն է, որ Տերը կոչեց «Կատայալ միություն», (Հովհ․ 17։23)։ Հիրավի, «ճշմարիտ, սուրբ եւ աստվածավախ անձը այն անձն է, ով իրապես մեկ է Եկեղեցու վարդապետության ու կանոնների հետ» (Սբ․ Կղեմես Ալեքսանդրացի, 195թ)։

 

ՄԵԿ ԵԿԵՂԵՑԻ ԱՍԵԼՈՎ ԱՐԴՅՈՔ ՄԵՐԺՈ՞ՒՄ ԵՆՔ ՏԱՐԲԵՐ ԵԿԵՂԵՑԻՆԵՐԻ ԳՈՅՈՒԹՅԱՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ

Քավ լիցի։ Նմանատիպ մոտեցում մենք չենք տեսնում ոչ Փրկչի եւ ոչ էլ առաքյալների խոսքերում կամ գործերում։ Ընդհակառակը՝ առաքյալներին փոխանցած Սուրբ Հոգու առաջին շնորհը եղավ լեզուների բաշխումը (Գործք․ 2։3-4), ինչը հնարավորություն ընձեռեց նրանց Աստծո խոսքը ավետարանել տարբեր ազգերի՝ իրենց իսկ լեզվի եւ մշակույթին հասկանալի եղանակով։ Սրա հետեւանքով էր, որ հիմնվեցին տեղային եկեղեցիներ, որոնք լինելով տարբնույթ ունէին հիմնական ընդհանրություն՝ առաքելահիմն եւ ուղղափառ հավատ․ (այս մասին մանրամասն կանդրադառնանք «առաքելական» որակումը ներկայացնելիս։

Ահա թե ինչպես է արտահայտվում եկեղեցիների յուրահատկությունների մասին նախորդ դարի Հայց․ Եկեղեցու ականավոր ուսուցիչներից Արշակ Տէր Միքէլեանը․ «Վերջանցնել մի ազգի եւ իւր բնակակից եկեղեցու անհատականութիւնը, մի եւ նոյն է, թէ քրիստոնէութեան էութիւնը խորտակել եւ միանգամայն հակառակ ընթանալ Աստծո նախախնամութեան օրինաց ազատութեան սկզբունքին»։

Հայ Առաքելական Սբ․ Եկեղեցին պահելով իր ինքնությունը եւ իրեն բնորոշ սրբազան ավանդություններն ու ծեսերը՝ դավանաբանական միության մեջ է Արեւելյան Ուղղափառ չորս եկեղեցիների հետ։ Դրանք են․ Ղպտի եկեղեցին, Եթովպական եկեղեցին՝ իր երկու կենտրոններով, Ասորի եկեղեցին եւ Հնդկաստանի Մալանկարա (նախկին Մալաբար) եկեղեցին։

Հայկ Մադոյան

 (Շարունակելի)