ՔՐԻՍՏՈՆԵԱԿԱՆ ՄԱՏՉԵԼԻ ԳԻՏԵԼԻՔ - Մաս 12-րդ ՔՐԻՍՏՈՆԵԱԿԱՆ ՄԱՏՉԵԼԻ ԳԻՏԵԼԻՔ - Մաս 12-րդ- Western Diocese of the Armenian Church

Contact Us: 818-558-7474

NEXT EVENT
15 May 2025

St. Leon Church "Sound of Children" Summer Camp Click Here to lean more

DEMIRGIAN SCHOLARSHIP

ՔՐԻՍՏՈՆԵԱԿԱՆ ՄԱՏՉԵԼԻ ԳԻՏԵԼԻՔ - Մաս 12-րդ
Published - 9 May 2025

ԵԿԵՂԵՑՈՒՄ ՀԱՎԱՔՎԵԼԸ ԱՆՀՐԱԺԵՇՏ Է ԱՐԴՅՈ՞Ք ՔՐԻՍՏՈՆՅԱՅԻ ՀԱՄԱՐ

Այս հարցը խիստ արդիական է եւ չնայած, որ վերեւում որոշ չափով անդրադարձանք դրան, այստեղ պիտի փորձենք առավել մանրամասնել պատասխանը:

Մեր օրերում, ցավոք, հաճախ ենք տեսնում անձանց, ովքեր ավելորդ կամ անօգուտ են համարում Եկեղեցի գնալը: Կարծում ենք, թե այսպիսի անձանց համար է, որ Քրիստոս ասաց. «Ուր Երկու կամ երեք հոգի հավաքված լինեն Իմ անունով, այնտեղ եմ Ես, նրանց մեջ» (Մատթ. 18:20): Քրիստոս ակնհայտորեն շեշտեց միասին հավաքվելու անհրաժեշտությունը, քանզի՝ «Եթե Եկեղեցու իշխանությունը որպես միասնական հավաք չհարգվի, քրիստոնեությունը կվերածվի զուտ անհատապաշտական կրոնի» (Գարեգին Ա. Կաթողիկոս):  

Հավատացյալ քրիստոնյայի համար Եկեղեցին իր հոգեւոր Մայրն է, որը ծնել է իրեն մկրտության սուրբ ավազանից իսկ նա՝ «Ով Եկեղեցուն իբրեւ Մայր չի ճանաչում, չի կարող Աստծուն իբրեւ Հայր ունենալ» (Սբ. Կիպրիանոս Կարթագենացի, 250թ.): Ավելին, մենք իբրեւ քրիստոնյաներ, ոչ միայն չպետք է խուսափենք Եկեղեցի գնալուց, այլ ինքներս պետք է փնտրենք Եկեղեցուն, քանի որ՝ «[Ինչպես] մայրը իր երեխաներին դեպի իրեն է ձգում, [այնպես] եւ մենք փնտրում ենք մեր մորը՝ Եկեղեցուն» (Կղեմես Ալեքսանդրացի 195թ.): Ահա թե ինչու անչափ կարեւոր է Եկեղեցու կյանքի մաս ու բաժին դառնալը: Այս ճշմարտությունը մեզ փոխանցում է Սուրբ Գիրքը, որը խրատում է. «Զանց չառնեք մեկտեղ հավաքվելը, ինչպես որ սովոր են անել ոմանք, այլ խրախուսենք միամյանց եւ այդ այնքան ավելի, որքան տեսնում եք Տիրոջ օրվա մոտենալը» (Եբր. 10:25):

 

Ի՞ՆՉ ԵՆՔ ՀԱՍԿԱՆՈՒՄ ԵԿԵՂԵՑԻՆ ՈՐՊԵՍ ՇԻՆՈՒԹՅՈՒՆ ԱՍԵԼՈՎ

Մենք վերեւում անդրադարձանք Եկեղեցու՝ որպես հավատացյալների հավաք լինելուն, սակայն Եկեղեցին նաեւ Աստծո ներկայության վայրն է Աստծո Տունը (Ես. 56:7):

Նյութական Եկեղեցին օծված եւ սրբագործված կառույց է, իր ներքին եւ արտաքին յուրահատկություններով: Հայց. Առաքելական Եկեղեցում պարտադիր օծում են Եկեղեցու կարեւոր մասերը: Այսպես, հետաքրքիր է իմանալ, որ Եկեղեցու հիմքերը դրվում են 16 օծված քարերով, որոնցից տասներկուսը Հիսուսի առաքյալների, երկուսը՝ ավետարանիչների (քանի որ մյուս երկու ավետարանիչները նաեւ առաքյալներ էին), հեթանոսաց առաքյալի՝ Պողոսի եւ Սբ. Գրիգոր Լուսավորչի անուններով: Եկեղեցիների սրբագործման արարողակարգը անիմաստ ծես չէ, ինչպես կարծում են ոմանք, այլ՝ անհրաժեշտություն: Հին Ուխտում մենք ընթերցում ենք, թե Տաճարը սրբագործելուց եւ աղոթելուց հետո միայն՝ «Տիրոջ փառքը լցրեց տաճարը» (Բ. Մնաց. 7:1-2):

Օծված Տաճարի կարեւորությունն ու Աստծո ներկայության վայր լինելը հաստատեց նաեւ Ինքը՝ Քրիստոս, երբ ասաց. «Չգիտե՞ք, թե ես Հորս տանը պետք է լինեմ» (Ղուկ. 2:49): Ավելին, մեր Տերը՝ Հիսուս Քրիստոս, անչափ կարեւոր համարեց Տաճարի սրբության պահպանումը եւ նախանձախնդիր կերպով մաքրեց տաճարը առեւտրականներից՝ նրանց հիշեցնելով Եսայի եւ Երեմիա մարգարեի արտասանած խոսքերը. «Գրված է, - Իմ Տունը պետք է աղոթքի տուն լինի, - իսկ դուք ավազակների որջերի եք վերածել այդ» (Եսայի 56։7, Երեմիա 7։11, Ղուկ. 19:46):

Ուրեմն, ի տարբերություն այլ շինությունների, որոնք օգտագործվում են տարբեր առիթների կամ կարիքների համար, Եկեղեցին Աղոթքի Տուն է, Սրբության Տուն է:

 

Ի՞ՆՉ ԸՆԴՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ ԿԱ ԱՍՏԾՈ ՏԱՃԱՐԻ ԵՎ ՀԱՎԱՏԱՑՅԱԼ ՔՐԻՍՏՈՆՅԱՅԻ ՄԻՋԵՎ

Համաձայն մեր հավատի, նյութական Եկեղեցուց զատ, Աստծո տաճար է համարվում նաեւ ճշմարիտ քրիստոնյան, քանի որ նրա մեջ նույնպես բնակվում է Աստծո Սուրբ Հոգին (Ա. Կորնթ. 3:16): Այդ է պատճառը, որ Աստվածաշունչը արգելում է մեզ պղծել կամ ապականել  մեր անձերը,- Որովհետեւ սուրբ է Աստծո տաճարը, որ դուք եք, (Ա. Կորնթ. 3:17) - ասում է Պողոս Առաքյալը: Աստված մեզ՝ քրիստոնյաներիս, կոչել է սրբության եւ կատարելության եւ ոչ թե պղծության (Մատթ 5:48):

Ուրեմն, մենք՝ իբրեւ Հիսուսի ճշմարիտ հետեւորդներ, կառուցվում են որպես բնակարան Աստծու՝ Սուրբ Հոգու միջոցով (Եփես. 2:21-22):

Հայկ Մադոյան

 (Շարունակելի)