St. Leon Church "Sound of Children" Summer Camp Click Here to lean more
Ի՞ՆՉ ԻՄԱՍՏ ԵՎ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԻ «ԵԿԵՂԵՑԻ» ԲԱՌԸ
«Եկեղեցի» բառը ունի բազում մեկնություններ (Տե՛ս՝ Հր. Աճառյան, Հայերեն Արմատական Բառարան, II․ հատոր, էջ 12-13): Ժողովրդական բացատրությամբ «Եկեղեցի» բառը առաջացել է «եկ» եւ «եղիցի» բառերից, որը թարգվանվում է իբրեւ՝ եկ որպեսզի ուզածդ կատարվի: Առավել ընդունված տեսակետի համաձայն սակայն, այն վերցված է հունարեն «Էկլեսիա» բառից, որը թարգմանաբար նշանակում է «Հավատացյալների ժողով» (Մատթ. 16:18), կամ «Սրբերի հավաք» (Եփես. 1:1): Բառի առաջին մասը (Էկ կամ Եկ) համարվում է հունարենից վերցված, իսկ «եցի» վերջավորությունը հայոց լեզվին բնորոշ հարմարեցում է նկատվում:
Եկեղեցի ասելով մենք հիմնականում հասկանում ենք երկու բնորոշումներ՝ Հոգեւոր (հավատացյալների հավաք) եւ Նյութական (որպես շինություն):
Ե՞ՐԲ ՀԻՄՆՎԵՑ ՔՐԻՍՏՈՍԻ ԵԿԵՂԵՑԻՆ
Այս հարցին տարբեր աստվածաբաններ տարբեր կերպ են պատասխանում, սակայն ամենից ընդունվածը այն հանրահայտ տեսակետն է, համաձայն որի Եկեղեցին ծնունդ առավ Հոգեգալուստի օրը Վերնատան մեջ, խոստացված Սուրբ Հոգու գալուստով (Գործք. 2:1-4): Այդ է պատճառը, որ վերնատունը հետագայում կոչվեց «Աշխարհամատուռ», այսինքն՝ աշխարհի առաջին Մատուռը՝ Եկեղեցին: Հայ Եկեղեցին Աշխարհամատուռին նվիրված հատուկ տոն է սահմանել, որն հանդիպում է Սբ. Զատիկին հաջորդող երկրորդ կիրակիին, այն hայտնի է նաեւ «Կանաչ Կիրակի» անվանմամբ:
ՈՐՈ՞ՆՔ ԵՆ ԵԿԵՂԵՑՈՒ ՀԻՄՆԱԿԱՆ ՀԱՏԿԱՆԻՇՆԵՐԸ
Եկեղեցին Քրիստոսի մարմինն է (Եփես. 5:29-30), որի մեջ հավիտյան բնակվում է Սուրբ Հոգին՝ Մխիթարիչը (Հովհ. 14:16): Որպես Սուրբ Հոգով ապրող հոգեւոր կառույց՝ Եկեղեցին համարվում է երկինք երկրի վրա, քանի որ ինչ որ կապվում է այստեղ՝ երկրի վրա կապված է լինում երկնքում եւ ինչ որ արձակվում է երկրում, արձակված է լինում երկնքում (Մատթ. 16:19): Եկեղեցին Տիրոջ Ժողովուրդն է (Գործք. 20:28), որը իր վրա է կրում Ամենասուրբ Երրորդության կնիքը: Եւ վերջապես, Եկեղեցին Քրիստոս Փեսայի հարսն է (Հայտ. 21:2, 21:9):
Ահա թե ինչպես է բնութագրում Եկեղեցին Եղիշե պատմիչը. «Եկեղեցին Աստծո մեծ շնորհն է, տրված ոչ թե մարդկանցից որեւէ մեկին, այլ բոլոր բանական ազգերին, որոնց վիճակված է այս արեւի տակ ապրել: Նրա հիմքերը դրված են հաստատուն վեմի վրա, ոչ մարդիկ կարող են շարժել, ոչ էլ հրեշտակները՝ սասանել»:
Ո՞ՐՆ Է ՔՐԻՍՏՈՆԵԱԿԱՆ ԵԿԵՂԵՑՈՒ ԱՄԵՆԻՑ ԿԱՐԵՎՈՐ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆԸ
Իր մեջ գտնվող հավատացյալներին պաշտպանել բոլոր փորձություններից եւ նրանց քայլերը ուղղել դեպի Երկնքի Արքայություն՝ դեպի հավիտենական կյանք: Ուրեմն, Եկեղեցին անմիջական եւ անխախտելի կապ ունի Աստծո փրկագործության ծրագրի հետ: Ավելին, միայն Քրիստոսի Եկեղեցու մեջ է, որ հավատացյալը մաս է կազմում Քրիստոսի մարմնի (Եփ. 5:21) եւ ստանում Սուրբ Հոգու մշտական առաջնորդությունը: Այդ է պատճառը, որ Պետրոս Առաքյալը խոսելով ջրհեղեղի մասին Նոյյան տապանը համեմատում է Քրիստոսի Եկեղեցուն, (որին անդամ ենք դառնում մկրտությամբ) որից եզրակացնում ենք, թե ինչպես տապանը Նոյի ժամանակ փրկության միջոց հանդիսացավ, այնպես էլ այսօր Եկեղեցին է փրկության միջոց հանդիսանում (Ա. Պետր. 3:20-21): Այս ճշմարտությանը հավատալով է, որ Եկեղեցու հայրերը կոչ են անում մեզ ասելով. «Եթե որեւէ մեկը ցանկանում է փրկվել, թող նա գա այս տուն…, ուր Քրիստոսի արյունը իբրեւ փրկագին է վճարված» (Օրիգինես, 3-րդ դար):
Իրապես՝ «Աստծո Տունը մեկ է, եւ Եկեղեցուց դուրս մարդու համար այլ փրկության վայր չի կարող լինել» (Սբ. Կիպրիանոս Կարթագենացի, 3-րդ դար):
Հայկ Մադոյան
Շարունակելի