Ի՞ՆՉՆ Է ՀԱՆԴԻՍԱՆՈՒՄ ՔՐԻՍՏՈՆԵԱԿԱՆ ՃՇՄԱՐԻՏ ՀԱՎԱՏԻ ԱՌԱՆՑՔԸ
Քրիստոնեական ճշմարիտ հավատի առանցքը հանդիսանում է մարդու ազատագրումը մեղքից ու մահից եւ փրկության շնորհումը (Հռոմ․ 3:15-16)։ Այս հիմնական ուսուցումն անվանվում է նաեւ «Փրկագործության Խորհուրդ»: Այս խորհուրդը ենթադրում է անհատի հստակ գիտակցումը, որ ինչպես բոլոր մարդիկ այնպես էլ ինքը մեղավոր էակ է (Սաղմ․ 52։3-4), եւ, լինելով մարդ, տարուբերվում է մեղանչական կյանքի հորձանքներում (Սբ․ Գրիգոր Նարեկացի, Մատյան Ողբերգության, Բան ԾԴ ) եւ որ ինքն անհապաղ կարիք ունի օգնող ձեռքի ով իրենք պիտի փրկի վերահաս մահից։
Ո՞վ Է ՓՐԿԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՈՒՐԴԻ ԱՌԱՆՑՔԸ
Հիսուս Քրիստոս, ում անունն անգամ եբրայերենից թարգմանաբար նշանակում է Օծյալ Փրկիչ։ Համաձայն քրիստոնեկան հավատի՝ մեր Տերն այն ամենակարող Փրկիչն է, ով լինելով կատարյալ Աստված՝ «Աստծուն հավասար լինելը հափշտակություն չհամարեց, այլ իր անձը ունայնացրեց՝ ծառայի կերպարանք առնելով, մարդկանց նման լինելով եւ մարդու կերպարանքով խոնարհեցրեց ինքն իրեն՝ հնազանդ լինելով մինչեւ մահ եւ այն էլ մահվան՝ խաչի վրա» (Փիլիպեցիս 2։6-8)։ Փրկչի աշխարհ գալու եւ մարդ լինելու այս խորհուրդն իր հերթին կոչվեց «Մարդեղության խորհուրդ» (մարդեղություն բառը կազմված է մարդ եւ լինել բառերից)։ Տերն Ինքը բացատրեց աշխարհ գալու Իր հիմնական նպատակն՝ ասելով․ «Ես եկա, որպեսզի կյանք ունենան եւ առավել եւս ունենան» (Հովհ. 10:10):
Ընդհանրական Եկեղեցու ուղղափառ հայրերը հստակ ընբռնեցին այս գաղափարը եւ արձանագրեցին Նիկիո 325թ. առաջին տիեզերաժողովի Հավատո Հանգանակում, որում ասվում է. «Մեր՝ մարդկանցս փրկության համար երկնքից իջնելով՝ մարմնացավ, մարդացավ, կատարյալ ձեւով ծնվեց Սուրբ Կույս Մարիամից՝ Սուրբ Հոգու զորությամբ»:
ԻՍԿ ԱՐԴՅՈՔ ՄԱՐԴ ԱՐԱՐԱԾԸ ԿԱՐԻՔ ՈՒՆԻ՞ ԱՍՏԾՈ ՓՐԿՈՒԹՅԱՆ
Այս հարցը շատ արդիական է մանավանդ մեր օրերում, երբ մարդն անտեսում է իր փրկության կարեւորությունը, եւ ոչ միայն իրեն մեղավոր էակ չի ճանաչում, այլ՝ արդար եւ ամենակարող:
Աստվածաշունչ Մատյանում հստակ կարդում ենք, որ Աստծո արարչագոր-ծության պսակն հանդիսացող մարդը, որը ստեղծվեց Աստծո պատկերով (Ծննդ. 1:26-28), մեղանչեց Աստծո դեմ (Ծննդ. 2:6-13) եւ մահը ժառանգեց, քանզի՝ «Մեղքի վարձը մահ է» (Հռոմ. 6:23): Փաստորեն, մարդու մեղանչումով խզվեց Աստված - մարդ փոխհարաբերության անմիջական կապը, ինչը ժամանակի ընթացքում ավելի խորացավ եւ տարածվեց բոլորի վրա. «Ինչպես որ մեկ մարդով մեղքը աշխարհ մտավ եւ մեղքով էլ մահը, այնպես էլ բոլոր մարդկանց մեջ տարածվեց մահը, որովհետեւ բոլորն էլ մեղանչեցին» (Հռոմ. 5:12-13):
Չնայած մարդու մեղանչական հանգամանքին՝ գթասիրտ եւ բարի Աստված (Մարկ 10:17) արդեն իսկ որոշել էր մարդու փրկության ուղին (Բ. Տիմ. 1:9):
ՄԱՀՎԱՆԸ ՀԱՂԹԵԼՈՒ ԵՎ ՄԱՐԴՈՒ ՓՐԿՈՒԹՅՈՒՆԸ ԳՏՆԵԼՈՒ ԻՆՉՊԻՍԻ՞ ԳԱՂԱՓԱՐՆԵՐ ԿԱՅԻՆ ՀԵԹԱՆՈՍ ԱՇԽԱՐՀՈՒՄ
Հեթանոս ժողովուրդները չէին ճանաչում ճշմարիտ Աստծուն եւ ինչպես իրենց մտացածին չաստվածների գոյությունը, այնպես էլ մահվան եւ փրկության գաղափարը հիմնավորում էին զուտ մարդկային մտքի եւ երեւակայության վրա: Օրինակ՝ եգիպտացիները, հավատում էին, որ մարդու մահվանից որոշ ժամանակ հետո նրա հոգին վերադառնալու է իր նախկին մարմինը: Այդ իսկ պատճառով նրանք անհրաժեշտ էին համարում մարդու մարմնի պահպանումը, այսինքն՝ մումիֆիկա-ցումը: Այս գաղափարի, ինչպես նաեւ բազմաթիվ այլ հեթանոս ազգերի մոտ առկա նմանատիպ թյուր հարցերի պատճառով է, որ Հիսուս ասաց. «Գոհություն եմ հայտնում քեզ Հայր, Տեր երկնի եւ երկրի, որ ծածկեցիր այս բանը գիտուններից եւ հայտնեցիր մանուկներին» (այսինքն՝ խոնարհ հոգի ունեցող, ճշմարիտ քրիստոնեաներին) (Մատթ. 11:25-26):
Ի վերջո հեթանոս մարդիկ չկարողացան գիտակցել, որ փրկություն կարելի է գտնել ոչ թե երեւակայական գաղափարների շնորհիվ, այլ՝ ճշմարիտ Աստծուն ճանաչելու, քանզի այս աշխարհի իմաստությունը հիմարություն է Աստծու առջեւ: (Ա.Կորնթ. 3:19)
ՓՐԿՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՇՈՒՐՋ Ի՞ՆՉ ԸՄԲՌՆՈՒՄՆԵՐ ԿԱՅԻՆ ՀՐԵԱ ԻՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԵՋ
Ի տարբերություն հեթանոս ժողովուրդների, հրեա ազգը միակն էր, որ մասնակիորեն ճանաչեց ճշմարիտ Աստծուն, տեսավ աստվածային իրականության շողքը (Եբրայեցիս 10։1) քանի որ Աստված Ինքը հայտնեց Իր գոյության մասին (Ելից 20:1-4), ինչպես նաեւ այն մասին, որ մարդուն միակ փրկություն շնորհողը նույնպես Ինքն է. «Ես եմ Աստված, ինձանից բացի չկա մեկը, որ փրկություն տա» (Եսայի 43:11):
Ցավոք սակայն, հրեաներն նույնպես չկարողացան Աստծո փրկագործության ամբողջական իմաստը ըմբռնել եւ հաճախ այն կապում էին հրեա անհատի կամ ազգի հետ՝ չտարբերակելով հոգու փրկությունը մարմնավոր փրկությունից (Ելից 14:12-13):
Հտագայում հրեա իրականությունում առաջ եկավ Մեսիայի եւ Նրանով փրկություն գտնելու գաղափարը (Եսայի 53:12), սակայն այս գաղափարը եւս չհասկացվեց իր ճշմարիտ եւ ամբողջական իմաստնով, որ փրկությունը նախ եւ առաջ Հիսուս Քրիստոսով է միայն եւ որ այն համամարդկային է եւ ոչ լոկ ազգային: