ՔՐԻՍՏՈՆԵԱԿԱՆ ՄԱՏՉԵԼԻ ԳԻՏԵԼԻՔ ՔՐԻՍՏՈՆԵԱԿԱՆ ՄԱՏՉԵԼԻ ԳԻՏԵԼԻՔ- Western Diocese of the Armenian Church

Contact Us: 818-558-7474

NEXT EVENT
24 February 2025
ՔՐԻՍՏՈՆԵԱԿԱՆ ՄԱՏՉԵԼԻ ԳԻՏԵԼԻՔ
Published - 14 February 2025

Ով է Հայր Աստված

Հայր Աստված ամբողջ տիեզերքի և բոլոր տեսանելի և անտեսանելի  արարածների Արարիչն է: Հայր Աստված ամենակարող ու բարի է (Ղուկ. 18:9), ճշմարիտ է (Հովհ.17:3), ողորմած է Ղուկ.(6:36), սեր է (Ա․ Հովհ.4:8): Հայրն այնքան սիրեց աշխարհը, որ անգամ իր Միածին Որդուն ուղարկեց այս աշխարհ, որպեսզի Նրան հավատացողները փրկություն գտնեն (Հովհ. 3:16):

Ով է Որդին Աստված

Որդին Աստված մեր Տեր Հիսուս Քրիստոսն է Օծյալ Փրկիչը, Հայր Աստծո Միածին Որդին (Հովհ 3:18): Որդին ճշմարիտ Աստված է: Հիսուս Հոր բնությունից է և փառակից է Հորը: Որդին մասնակից է ստեղծագործությանը և Նրանով է ստեղծվել ամեն ինչ (Հովհ.1:3) Հիսուս Քրիստոս Հոր մոտից իջնելով` մարդեղացավ, այսինքն` կատարյալ մարդ դարձավ և ծնվեց Սբ. Կույս Մարիամից` Սուրբ Հոգու զորությամբ:

Ո՞վ է Սուրբ Հոգին Աստված

Սուրբ Հոգին Հայր Աստծուց բխած կյանք պարգևող Հոգին է: Սուրբ Հոգին, ինչպես և Որդին կատարյալ Աստված է: Նա Որդու նման արարչակից է Հորը: Սուրբ Հոգին է մարգարեների և ավետարանների միջից խոսողը: Նրանով Հիսուս Քրիստոս ծնվեց Սբ. Կույս Մարիամից: Հիսուս Քրիստոսի մկրտության ժամանակ Սուրբ Հոգին աղավնու կերպարանքով իջավ Նրա վրա (Մարկ.1:10): Սուրբ Հոգուն հայհոյելը Հիսուս անվանեց աններելի մեղք (Մատթ.12:31-33): Սուրբ Հոգին խոստացված Մխիթարիչն է (Հովհ.16:7-8), որ հավիտյան բնակվում է քրիստոնյաների հետ (Հովհ. 14:15-17)Քրիստոնյան մկրտվելով Սուրբ Երրորդության անունով և ստանալով Սուրբ Հոգու շնորհները` իր մարմինը վերածում է Աստծո տաճարի, որտեղ բնակվում է Ինքը` Սուրբ Հոգին  (Ա.Կորնթ. 3:16):

Ի՞նչ նշանակություն ունեցավ մեզ համար Հիսուս Քրիստոսի մարդեղացումը

Հիսուս Քրիստոս աշխարհ գալով ուսուցանեց Աստուծո Արքայության մասին: Նա մեզ համար չարչարվեց և խաչի վրա մահանալով` Իր սուրբ արյամբ մաքրեց բոլոր մարդկանց (ադամական) մեղքը (Հովհ.5:18-19): Իսկ Իր հաղթական հարությամբ հաղթեց մահվան և միևնույն մարմնով համբարձվեց երկինք ու նստեց Հոր աջ կողմը: Եվ բոլոր Իրեն հավատացող Ճշմարիտ քրիստոնյաների համար պատրաստեց փրկության ուղին: Հիսուս հստակ ասաց. «Ես եկա, որպեսզի կյանք ունենան և առավել ևս ունենան» (Հով.10:10):  Իսկ ընդհանրական եկեղեցու սրբազան հայրերից Սբ․ Աթանաս Ալեքսանդրացին (3-րդ դար) մարդեղացման խորհուրդը այսպես բնորոշեց. «Աստված մարդացավ, որպեսզի մարդն աստվածանա» (այսինքն՝ Աստծուն նմանվի իր սրբությամբ):

Արդյոք լինելո՞ւ է Հիսուս Քրիստոսի երկրորդ Գալուստը

Այո: Հիսուս Քրիստոս իր խոստման համաձայն աշխարհ է գալու երկրորդ անգամ (Մարկ.13:24-27): Հիսուս երկրորդ անգամ աշխարհ է գալու դատաստան տեսնելու համար: Այդ ժամանակ Նա պիտի դատի թէ կենդանի և թէ ննջեցյալներին, որովհետև Հայրը դատելու իրավունքը հանձնել է Որդուն (Հովհ.5:22): Եվ նրանք, ովքեր իսկապես հետևել են Քրիստոսին և ապրել են ճշմարիտ քրիստոնյայի կյանքով, ժառանգելու են Երկնքի Արքայությունը, որ վախճան չի ունենալու: Իսկ մեղավորները դատապարտվելու են հավիտենական տանջանքի (Մատթ. 25։41-47)։

Հավատացյալ Քրիստոնյայի կյանքում ինչպիսի՞ կարևորություն ունի Սուրբ Հոգու Ներկայությունը

Սուրբ Հոգին հավատացյալ քրիստոնյային է բաշխում Իր շնորհները` սերը, հավատը, հույսը, իմաստությունը, բժշկության շնորհը և այլն (Ա.Կորնթ.12:8-11): Սուրբ Հոգով է կազմվում և ապրում եկեղեցին` հավատացյալների ժողովը: Սուրբ Հոգին է առաջնորդում հավտացյալին իր ամբողջ կյանքի ընթաքում, և նրա քայլերը ուղղում դեպի հավիտենական կյանք: Սուրբ Հոգու շոշափելի ներկայությունը մենք տեսնում ենք, երբ սկսում ենք նկատել Սբ․ Հոգու պտուղները մեր մեջ, որոնք են՝ սեր, խնդություն, խաղաղություն, համբերություն, քաղցրություն, բարություն, հավատարմություն, հեզություն եւ ժուժկալություն (Գաղ․ 5։22-23)։