ՎԱԶԳԵՆ Ա ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԸ ՎԱԶԳԵՆ Ա ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԸ- Western Diocese of the Armenian Church

Contact Us: 818-558-7474

NEXT EVENT
04 May 2025

St. Leon Church "Sound of Children" Summer Camp Click Here to lean more

DEMIRGIAN SCHOLARSHIP

ՎԱԶԳԵՆ Ա ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԸ
Published - 16 August 2019

Իր հայրապետութեան 39-ամեայ շրջանին Վազգէն Ա Վեհափառը մշտապէս վայելել է մեր ժողովրդի սէրն ու պատկառանքը։ Մարդիկ առանձնայատուկ սիրով են սպասել նրա խօսքին, նրա ներկայութեանը։ Պատահական չէր այդ, քանի որ Վազգէն Ա Կաթողիկոսի խօսքը, միտքը, ողջ գործունէութիւնը լցուած էր սիրով հայրենիքի, ժողովրդի հանդէպ, լցուած էր անհուն քրիստոնէական սիրով։ Վեհափառի այդ կողմերն է բացայայտում պատմաբան Կարէն Մկրտչեանի հրապարակումը, որ պատրաստել է մեր խնդրանքով՝ Արևմտեան թեմի առաջնորդ Տ. Յովնան Արք. Տէրտէրեանի հովանու ներքոյ Օգոստոսի 20-ին կազմակերպուելիք «Վազգէն Ա. Նոր հանդիպում» ծրագրին ընդառաջ։

«Հայրենիք ստեղծելը հերոսություն է,

հայրենիք շենացնելը` առաքինություն»

Վազգեն Ա Ամենայն Հայոց Կաթողիկոս

ՀԱՅՐԵՆԻՔԻ ԳԱՂԱՓԱՐԸ ՎԱԶԳԵՆ Ա ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ՔԱՐՈԶՆԵՐՈՒՄ

Վազգեն Առաջինն ակնառու ազգային գործիչ և աստվածաընտրյալ հայրապետ էր, նաև խորաթափանց քաղաքագետ, բարձրաճաշակ արվեստասեր ու փիլիսոփա գրականագետ: Նա իր ներդաշնակ կերպարի մեջ կարողացավ հաշտեցնել իրարամերժ գաղափարներ և ժամանակներ` գործունեության բոլոր ձևերի մեջ թողնելով ճշմարիտ հայրենասիրության լուսե հետագիծ:

Լուսավորչի գահի 130-րդ գահակալի ազգանվեր գործունեության բոլոր շրջանները հարուստ են հայրենիքի, հայրենասիրության և հայրենատեր հայի ոգու կերտմանը միտված գաղափարներով ու մոտեցումներով, իսկ դրանք ավետարանական մեկնություններով և սուրբգրային թևավոր խոսքերով հարստացվել և կիրառվել են հատկապես Հայրենիքի սահմաններից դուրս, որտեղ այդ ամենն ունեցել է կրթական և դաստիարակչական նշանակություն:

Մեր հոդվածի շրջանակներում կփորձենք բացահայտել նրա ազգային և հայրենասիրական ուղղվածություն ունեցող գաղափարները, որոնք ազդեցիկ են իրենց խոսքով, արտահայտած խորունկ մտքերով և ապագան տեսնելու մեծ հմտությամբ: «ԶԱստուած փնտռելու ճամբին ես գտայ Ս. Էջմիածինը եւ իմ Հայրենիքը, եւ խոնարհուեցի ճակատագրին առջեւ»,- այսպիսին էր Վեհափառի կյանքի կերտած փառավոր ուղին:

Հիրավի, Վազգեն Առաջինը այն գործիչներից է, որի շուրջ կյանքը ձեռք է բերում այն ​​իմաստը, որը կարևոր է անհատի համար իր իրականության մեջ: Իսկ դա այն նախաձեռնություններն են, ինչպիսիք են՝ նրա հայրապետական հայահավաք առաքելության իրականացումը, հայ ազգային արժեհամակարգով ստեղծված ընտանիքի կարևորումը, Սփյուռքի հայաշատ վայրեր հովվապետական այցելությունների կազմակերպումը և հայորդիներին Միածնաէջ Սուրբ Տաճարից օրհնության բաշխումը, ինչպես նաև Մայրավանքի և հարակից կառույցների բարեզարդումը, եկեղեցաշինության ծավալումը, պատմաճարտարապետական հին կոթողների վերանորոգումը, հոգևոր երգարվեստի նոր զարգացումը: Այսօր էլ ապրելու և արարելու նրա փիլիսոփայությունն արդիական է, իսկ կենսակերպը՝ ընդօրինակելի: 

Սուրբ Լուսավորչի գահաժառանգ դառնալու առաջին իսկ տարիներից նա ուխտեց' «Պիտի տքնինք ապա վերանորոգելու և վերազարդելու մեր հայրենի սրբավայրերը, վանքերը և եկեղեցիները, որիպսիք են Ս. Գայիանեն, Խոր-Վիրապը, Օշականը, Ս. Գեղարդը և ուրիշներ, որոնք հոգևոր կյանքի սյուները կհանդիսանան և հռչակված տաճարներ աղոթքի և ուխտի ու զմայլելի հուշարձաններ հայ ճարտարապետության փառքի»:

Խոսքը գործի վերածելու մեծագույն շնորհով օժտված Վազգեն Առաջինն իր գահակալության տարիներին ծավալեց աննախադեպ մեծամասշտաբ ու բազմաբնույթ շինարարական գործունեություն հայրենիքում: Իսկ նրա խոսքը խորհրդային իշխանության պայմաններում ամբողջությամբ կամ գրեթե անհնարին էր իրագործել: Սակայն դա իրագործվեց այնպիսի ժամանակներում, երբ երկրում տիրում էր կրոնահալած ու կաշկանդիչ մթնոլորտ, ապա Վազգեն Ա Կաթողիկոսի կառուցողական իրագործումները, հիրավի, սխրանք պիտի համարվեն:

Գաղափարական և ֆիզիկական բազմաթիվ պատնեշներ հաղթահարելը դարձել էր ինչ որ տեղ նրա գործունեության անկյունաքարը: Ահա թե ինչու, երբ խոսում կամ մտածում է երիտասարդության և նոր սերնդի մասին, կարևորում է նրանց ամբողջությունը, այլ կերպ ասած՝ հավաքական ուժը, որով կարելի է հասնել մեծ հաջողությունների: Այս հարցում հաջողելու համար խիստ կարևոր է հենց անհատի անմիջական և գործուն մասնակցությունը, որի վերաբերյալ գրում է. «Անհատի գործերն են, ազգային հավաքականության համար իմաստ ու խորհուրդ ստացող ստեղծագործ ճիգերն են, որ կը բնորոշեն իրական, հոգեկան հայրենասիրությունը: Հայրենասեր ըլլալ, հայրենիքի հետ կապ ստեղծել՝ ըսել է այդ ազգային-հավաքական հոգեկան գծով կապված ըլլալ հայրենի աշխարհին, անոր կյանքին, սատարել անոր հոգեկան ստեղծագործութեանց ու նվիրվիլ անոր ապագան և անմահությունը ապահովելու գաղափարին» (Վազգեն Ա Կաթողիկոս, «Գալիքի տեսիլքով», Ուսումնասիրություններ, հոդվածներ, ուղեգրություններ, (1933-1954), Մայր Աթոռ Ս. Էջմիածին, 1988, էջ 239, 243):

Վազգեն Ա Ամենայն Հայոց Կաթողիկոսի՝ Հայրենիքի վերաբերյալ խորհրդածությունները, որոնց հասցեատերն առաջին հերթին հայ երիտասարդն է, ըստ էության ունեն գաղափարական, բարոյական, կրթական և դաստիարակչական նշանակություն: Հաճախ իր խոսքի արժեքը ընդգծելու համար պատմական ակնարկ է կատարում, ներկայացնում ժամանակի աշխարհակալ տերություններին, ինչպես նաև առաջադեմ ժողովուրդների կողմից ստեղծված հզոր քաղաքակրթություններին, որոնց զարգացման և ծավալման հոլովույթում քննարկում է հայ ժողովրդի անցած ուղին, առնչություններն ու կապերը դրանց հետ:

«Հայաստանից պետք է սկսի ամեն հայ երիտասարդի ազգային մտահոգությունը և մտածումը: Մենք կը գտնենք ա՛յս անհրաժեշտ. Ամեն մտահոգութեանց մեկնակետ ունենալ մեր հայրենիքը, ամեն դատումի մեջ, ամեն եզրակացության մեջ չհեռանալ անոր ներկայի և, մանավանդ, ապագայի շահերեն»:  

Հայոց պատմության տարբեր հարցերի վերաբերյալ Վեհափառի մտածումներն արտացոլված են նրա իսկ հրատարակած «Հերկ» հանդեսում: «…Իր արիականությունը ու անոր պահպանությունը հայ ժողովուրդին շատ սուղ արժեց: Պատմաբանները կը վկայեն, որ հայերու թիվը մոտ քսան միլիոնի կը հասներ…»: Այս առթիվ այսօր էլ արդիական է հնչում նրա հետևյալ եզրահանգումը. «Ան դարեր շարունակ, ի գին իր սեփական մարմնի զոհաբերության, մնացած է դրոշակակիրը արևմտյան արժեքներուն, և, սակայն, միաժամանակ ան իր մեջ գտած է բավական ուժ՝ չդառնալու համար Արևմուտքը պարզապես ընդօրինակող մը, ու եղած է համադրող մը: Ինչ որ Եվրոպայեն ընդունած է, պատշաճեցուցած է իր հոգիին, իր խորքին՝ պահելով միշտ իր հարազատությունը»:

Արևմտյան բարքերի զուտ տեխնիկապես կրկնօրինակումն անընդունելի է, նաև այն պատճառով, որ հայ ժողովուրդն իր հոգեմտավոր ամբողջ կարողությամբ ի վիճակի է ստեղծել, իսկ վերցնելու դեպքում էլ համադրել սեփական ունեցածի հետ: Ավելի քան համոզիչ են Վազգեն Ա Կաթողիկոսի խնդրո առարկայի վերաբերյալ պատմական փաստերը: Իսկ դրանք վկայում են, որ «Նախաքրիստոնեական շրջանին հայ ժողովուրդը կը գտնվեր մշտական հարաբերությանց մեջ հելլեն ժողովուրդին հետ. Աթենքը միաժամանակ հոգևոր կեդրոնն էր Հայաստանին»: Սակայն դրա հետ միաժամանակ ամրագրում է. «Հայ ժողովուրդը կը շարունակե պահել իր քաղաքական անկախությունը, իր ավանդական հաստատությունները, իր սեփական զմայլելի լեզուն, ժողովրդական, հավանաբար նաև գրական բանաստեղծությունը, իր օրենսդրությունը և այլն»:

«Քրիստոնեությունը երկրորդ մեծ, պատմական դեպքն էր, զոր ծնավ արևմտյան հանճարը՝ նույնպես տիեզերական, համամարդկային ներքին բնույթով. Միսթիք, հելլեն մտածողությունը և լատին ոգիի կազմակերպչական հանճարը»: Նա մատնանշում է այդ քաղաքակրթությունների կենտրոնները՝ Աթենք, Հռոմ և Երուսաղեմ, քաղաք-սրբավայրեր, որոնք որքան մեծ կշիռ և դեր են ունեցել հայ ժողովրդի պատմության քառուղիներում: «Սակայն պահ մը եկավ, երբ հայը զգաց, որ քրիստոնեությունը պետք է ազգայնանա: … Ու որոշեց բաժանումը Արևմուտքի եկեղեցիեն ու ստեղծումը հայ ազգային, քրիստոնյա Եկեղեցիին»:

Մեր օրերում էլ իր արդիականությունը չի կորցրել Վազգեն Ա Ամենայն Հայոց Կաթողիկոսի՝ Հայրենիքի գաղափարով ապրելու բանաձևը՝ հասցեագրված օտար միջավայրում ապրող հայ երիտասարդներին: «Հայրենիքը օրկանապես ազգի մը օրրան է, և դուն ու՛ր ալ ծնած ըլլաս, ու՛ր ալ ապրիս, ո՛ր պետության քաղաքացին իսկ ըլլաս, քու օրկանական հայրենիքդ կմնա քու ցեղիդ, քու նախահայրերուդ հողը, հոգ չէ, թէ այդ հողին ո՛ր մասը ըլլա»: Առավել քան հետաքրքիր է նրա բացատրությունը այդ մասին, թե նյութական հայրենիքը թափանցում է մարդու հոգու մեջ, կազմում անջնջելի պատկեր ցեղի հոգու մեջ, որն էլ փոխանցվում է սերնդե-սերունդ: Նա խոսում է նյութական հայրենիքի մասին՝ հաշվի առնելով այն փաստը, որ այսօր էլ հաճախ հայրենիքից դուրս մեծացած կամ օտար մշակութային ազդեցության ներքո ձևավորված հայ երիտասարդի համար ինչ որ տեղ բարդ է պատկերացում կազմել սեփական հայրենիքի մասին: Ահա այստեղ է, որ պետք է գիտակցել հոգու մեջ հայրենիքի կրումը կամ որ մի փոքր արդի բառեզր կիրառենք դա նույնն է, թե սկանավորել մարդու գիտակցության մեջ հայրենիքը:

Առավել քան դիպուկ է ասված և որպես օրինակ բերված հետևյալ միտքը. «Աշխարհագրականորեն կարելի է Հայաստանեն հեռու գտնվիլ, և սակայն հայրենիքի համար, հայրենիքին հետ ու անոր մեջ ապրիլ, ինչպես ըրին Մխիթար Աբբան և անոր արժանավոր հաջորդները…»: Արդարև, բազմաթիվ օրինակներ կան, երբ այս կամ այն նվիրյալ հայը իր ծավալած գործունեությամբ զգալի նպաստ է բերել աշխարհում Հայաստանի և հայ ժողովրդի մասին ճանաչման մեծացման ուղղությամբ, իսկ Մխիթար Աբբահոր սխրանքը վկայում է անհնարինության սահմաններն անցնելու և եվրոպական միջավայրում հայկական քաղաքակրթության կաճառ ստեղծելու կամ ոչ հայկական միջավայրում հայրենիքի մի կտոր «արարելու» վերաբերյալ:

Հայրենիքի առօրյայով հագեցած է Վազգեն Ա Կաթողիկոսի՝ 1945 թվականին Պուքրէշի (Բուխերգստի) հայոց Սրբոց Հրեշտակապետաց եկեղեցում տեղի հայությանն ուղղված քարոզները, որոնք հայտնի են դարձել նաև հրապարակային ժողովների ժամանակ, իսկ հետագայում հրատարակվել Վազգեն վարդ. Պալճյան «Խոսք հայրենիքի մասին» համանուն առանձին գրքույկով:

Վազգեն Ա Կաթողիկոսի քարոզների ներգործուն ուժը և թողած տպավորությունը լավագույնս արտահայտվել է հայ ժողովրդի՝ նրան որպես հոգևոր պատկառազդու գործչի, անվերապահորեն ընդունելու մեջ: Նրա քարոզները սոսկ մեկնություն չէին, այլ ուղղված էին տվյալ ժամանակի ունկնդրին, պարզապես, հայ մարդուն, որի համար էլ նրա մահվանից քառորդ դար անց աստվածաշնչյան միևնույն հոգևոր խորհրդի արտահայտությունն իմաստային նրբերանգներ է ձեռք բերել և ըստ այդմ էլ ընկալվում ու կարևորվում է այսօր:

Հայրենիքիքց դուրս բնակվող հայի հայրենասիրության ընկալման՝ նրա մեկնաբանումը դիպուկ է. «Գաղութահայուն հայրենասիրությունը ճշմարիտ է, անկեղծ և խորապես ուժգին» («Գալիքի տեսիլքով», էջ 254):

Վազգեն Առռաջինի քարոզներում առկա է հանրությանը հոգևոր մեծ լիցքեր հաղորդելու միտում, որի համար էլ հայրենիքը նաև կոչվում է «Երկիր դրախտավայր», որը բացում է իր «Դռներն հուսո»: Այս խոսքերն արդեն հստակ խնդիր են ունեցել կազմակերպել հայրենադարձություն:

Հայրենասիրությունն ուղեկցում է նրա բազմաթիվ քարոզներում: Դրանցում կարմիր թելի պես ուղղորդում է դեպի հայրենիքը, որն էլ վկայում է եկեղեցի-պետություն անխախտ կապերի մասին. «Ս. Էջմիածնի խոստումը հայ ժողովրդի խոստումն է: Թո՛ղ ան գաղութահայուն համար ալ հայրենասիրական գործի ծրագիրն ըլլա ու վերածվի սրբազան ուխտի մը» («Գալիքի տեսիլքով»):

 Ազգընտիր հայրապետը բեթղեհեմյան աստղի նման ավետիս պարգևեց Հայ Եկեղեցուն՝ ջերմացնելով մարդկանց հավատքը: Վեհափառը ապրեց ու գործեց «Սէր ոչ երբէք անկանի» նշանաբանով՝ իր ժողովրդի սրտում մնալով սիրված հայրապետ: Լինենք այս նշանաբանի շարունակողը թե՛ մեր հայրենիքում, թե´ նրա սահմանններից դուրս:

ԿԱՐԵՆ ՄԿՐՏՉՅԱՆ

Պատմական գիտությունների թեկնածու,

Երևան